2012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած «Հայաստանի Հանրապետություն սպանեց Հայկ Մովսիսյանին» վերնագրով հայտարարության մեջ։
Հայկ Մովսիսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության գործը Հատուկ քննչական ծառայությունը կարճել է դեկտեմբերի 10-ին՝ այդպես էլ չճանաչելով Հայկ Մովսիսյանի մորը՝ Հեղինե Պետրոսյանին որպես տուժողի իրավահաջորդ։
Պետրոսյանին նաև զրկել են որդու մահվան հանգամանքների պարզման նպատակով քննչական գործողություններում մասնակցելու հնարավորությունից:
«ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գևորգ Կոստանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը`
– դրսևորեցին ակնհայտ ապօրինի վարքագիծ, ընդունեցին ապօրինի որոշումներ, որոնց նպատակն էր կոծկել Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները,
– չճանաչեցին Հայկ Մովսիսյանին որպես տուժող` զրկելով նրա մորը որպես տուժողի իրավահաջորդ ճանաչվելու և որդու իրավունքները պաշտպանելու հնարավորությունից:
Գտնում ենք` քանի դեռ պարզված չեն Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքները, հիմնավոր ենք համարում նրա սպանության վարկածը, որի ուղղությամբ քննություն չիրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իրավական և դատական ինստիտուտները:
Դատապարտում ենք ՀՀ իշխանությունների անպատասխանատու գործելակերպը, որը հանդիսանում է «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի սկզբունքների կոպիտ խախտում», – ասված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Գործի մանրամասները՝ այստեղ։