Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար:
Համաձայն ՀՀ կառավարության կայքի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս»:
«Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը Հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է», – ասել է Տիգրան Սարգսյանը: