Եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում համարում է ոչ իրավաչափ կամ ոչ օրինական, ապա կարող է բողոքարկել այն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրավաչափ նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող հարազատների հետ տեսակցությունների արգելքը։
Լրագրողները նաև հարցրել են, թե արդյոք Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Ես միայն կարող եմ փաստել, որ ցանկացած անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու, եթե համապատասխանաբար դատարանը ճանաչեց վերջինիս մեղավոր այդ արարքի համար», – հայտարարել է Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ձերբակալվելուց հետո հնարավորություն չի ունեցել տեսակցելու իր հարազատների հետ։ Նա 16 օր է հացադուլի մեջ է գտնվում և այս պահին առողջական խնդիրներ ունի։
Հարությունյանի ձերբակալությունից մի քանի օր հետո իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարարել էր, որ Շանթը քաղբանտարկյալ է։
Հունվարի 6-ին Հարությունյանին բանտում հանդիպել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նշել էր, որ ձերբակալվածի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում են։