ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Կարեն Ստեփանյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանն արդարացվել են անչափահասին բռնաբարելու մեղադրանքում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ նրանց նկատմամբ ընտրված «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը՝ վերացվել:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն Ստեփանյանը 2012թ. հոկտեմբերի լույս 8-ի գիշերը Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, իսկ Մկրտիչ Հովհաննիսյանը 2012թ. նոյեմբերի կեսին՝ գիշերը նույն գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում նույն անչափահասի կամքին հակառակ, դանակի սպառնալիքով նրա հետ ունեցել են սեռական հարաբերություն:
Գործի դատաքննությամբ դատարանը, սակայն, հաստատված է համարել, որ 26-ամյա ամուրի Կարեն Ստեփանյանը 2012թ. սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է գործով տուժող անչափահասի հետ, ով այդ ժամանակ սովորում էր Հաղարծին գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանում:
Որոշ ժամանակ անց նրանք որոշել են հանդիպել և 2012թ. հոկտեմբեր ամսին, գիշերը՝ ժամի 02:00-ի սահմաններում, հանդիպել են աղջկա տատի տան մոտ: Նրանք սկսել են հաճախակի հանդիպել, շփվել հեռախոսով և մտերմացել են: Այնուհետև որոշել են ամուսնանալ, երբ աղջիկը դպրոցն ավարտի:
Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հաղարծին է վերադարձել Կարենի ընկերը` գործով մյուս ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը, որի հետ Կարենը ծանոթացրել է աղջկան, սակայն նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կարենն ու անչափահասն ունեցել են սեռական հարաբերություն, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Վախենալով, որ Կարենն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է, աղջիկը 2013թ. հունվարի 30-ին իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե իբր 2012թ. հոկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կարենը` դանակի սպառնալիքով, իսկ հոկտեմբերի 2-րդ կեսին, նույնպես գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում Մկրտիչ Հովհաննիսյանը, դարձյալ դանակի սպառնալիքով` տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
Աղջկա ծնողների պահանջով՝ իրենք և Կարենի ծնողները հանդիպել են իրար` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել, և աղջիկը ծնողների հետ որոշել է, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ:
31.01.2013թ. տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել և ամբաստանյալներ Կարեն Ստեփանյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվել է հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից` հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր դիրքորոշման մասին: