Քրդական բանվորական կուսակցության նախագահ Աբդուլլա Օջալանը, ով Թուրքիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել և գտնվում է թուրքական Էմրալի կղզու բանտում, իր հայտարարության մեջ հիշատակել է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքին։
«Ես ողջունում եմ Հայաստանի թանկագին զավակի, մեր եղբոր՝ Հրանտի հիշատակն ու պայքարը»,- հունվարի 11-ին հրապարակված հաղորդագրության մեջ հայտարարել է Օջալանը:
Ավելի վաղ կալանավայրում Օջալանին այցելել էին «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» խորհրդարանական խմբակցության երկու համանախագահներ Իդրիս Բալուքենն ու Փերվին Բուլդանը, ինչպես նաև «Դեմոկրատական ժողովրդական կուսակցության» պատգամավոր Սիրի Սյուրեյան։
«Հույս ունեմ համապարփակ նամակ ուղղել մեր հայ քաղաքացիներին՝ Հրանտի սպանության տարելիցին ընդառաջ», – պատգամավորներին ասել է Օջալանը։
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամաստի կողմից։ Սամաստը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։