Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը և հետագայում միանալուն ուղղված արագացված քայլերը Սերժ Սարգսյանն կայացրել է, քանի որ ճնշում է զգացել Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասել է Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմ դը Վաալը:
«Հասարակությունը Հայաստանում այնքան ռուսամետ տրամադրվածություն չունի, որքան քաղաքական էլիտան։ Ժողովուրդն ուզում է տեսնել Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավորի, հասարակությունը կողմ է Ռուսաստանի հետ կապեր ունենալուն, սակայն վերջին տասը տարիներին մենք տեսնում ենք, որ հայաստանյան հասարակությունը աճ է ապրել, և ասում է` Հայաստանը Հայաստան է, Ռուսաստանը` Ռուսաստան, և չի ցանկանում այս` գաղութայինի նմանվող հարաբերությունը Ռուսաստանի հետ, որը հենց այն է, ինչ տալիս է Մաքսային միությունը: Միևնույն ժամանակ, քաղաքական էլիտան, ինչպես գիտենք, շատ ռուսամետ է, նույնիսկ եթե նայենք նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա մի շարք բավական ռուսամետ հայտարարություններ է արել վերջին մեկ-երկու տարում: Եվ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը զգում էր այդ ճնշումը` «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի, իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի կողմից, և այս որոշումն ընդունելու նպատակներից մեկը ներքին քաղաքական ճակատում պրոռուսական ճնշումներից ձերբազատվելն էր, ներքին քաղաքական դաշտում Կրեմլի աջակցությունը ստանալը», – ասել է դե Վաալը:
Նրա խոսքով՝ դա ոչ թե այժմեական` այսօրվա ճնշում էր, այլ մի ճնշում, որի մասին Սերժ Սարգսյանը, որպես շախմատիստ, ով սովոր է մի քանի քայլ առաջ մտածել, եթե ոչ երկրի ռազմավարական տեսլականի առումով, ապա գոնե ներքաղաքական խաղերի առումով, տեսնում էր, և 2018-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, սպառնալիք էր տեսել իր ներքաղաքական հենարանի համար:
«Թերևս, չնայած դեռ վաղ է այդ մասին խոսելը, նա ցանկանում է փոխել Սահմանադրությունը և այդպիսով որոշակիորեն պահպանել իր իշխանությունը Հայաստանում: Եվ ակնհայտ է, որ դա անելու համար շատ լավ ապահովագրություն կարող է դառնալ Վլադիմիր Պուտինի և Կրեմլի աջակցությունը ստանալը: Իհարկե, սրանք ընդամենը ենթադրություններ են», – նշել է դե Վաալը:
Նրա խոսքով ՝ ավելի ժողովրդավար դառնալու Հայաստանի հնարավորությունները չեն ավելանա, և ակնհայտ է, որ եթե եվրոպական մոդելը ենթադրում է միացում ժողովրդավարական պետությունների ակումբին, ապա Մաքսային միությանը անդամակցելը նշանակում է միանալ ավտորիտար ռեժիմների ակումբին:
«Սակայն կարծում եմ, որ ի վերջո Հայաստանը նաև ժողովրդավարության էլեմենտներ ունի խորհրդարանում, մամուլը, թեև ամբողջովին ազատ չէ, սակայն հնարավորություն տալիս է տարբեր տեսակետներ հնչեցնելու, հասարակությունը բավական ակտիվ է: Այնպես որ չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է այդքան «ձգել պտուտակները», նույնիսկ եթե ցանկանա: Ավելին, ես կարծում եմ, որ նա ցանկանում է ամեն դեպքում բաց պահել հնարավորությունները, չփակել դեպի Եվրոպա և ԱՄՆ տանող ճանապարհը, և նա գիտի, որ եթե ավելի ավտորիտար դառնա, Բրյուսելին և Վաշինգտոնին դա դուր չի գա, դուր չի գա նաև Սփյուռքին:
Կարծում եմ ցանկացած հայ գործչի խնդիրը, և սա վերաբերում է, մասնավորապես, Սերժ Սարգսյանին, այն է, որ նա փորձում է միաժամանակ մի քանի ձի քշել, և վախենում է ցած ընկնելուց», – հայտարարել է փորձագետը:
Ինչ վերաբերում է 2014թ․ ընթացքում ընդվզման հավանականությանը, ապա, դե Վաալի համոզմամբ, հայերը ավանդաբար սոցիալական խնդիրների շուրջ ապստամբություն չեն բարձրացնում: Բացի այդ, ըստ փորձագետի, էմիգրացիան նույնպես լարվածությունը թուլացնելու դեր է տանում` այն մարդկանց մի մասը, ովքեր կարող էին փողոց դուրս գալ ցույցի, գերադասում են լքել երկիրը:
«Կարծում եմ, որ մենք կշարունակենք բողոքի ցույցեր տեսնել Հայաստանում, և ինչպես ցանկացած հասարակության մեջ, դժվար է կանխատեսել, թե դրանք կոնկրետ ինչից կծագեն: Սակայն չեմ կարծում, որ դա կլինի սոցիալական խնդիրների շուրջ: Քաղաքական խնդիրն է, որ մարդկանց դուրս կբերի փողոց: Մենք կարող ենք կանխագուշակել անկանխատեսելին, որովհետև բնակչության մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժերը ի զորու չեն եղել մոբիլիզացնել հասարակական դժգոհությունը: Բայց մենք կարող ենք ականատեսը դառնալ ինքնաբերաբար տեղի ունեցող մի իրավիճակի, երբ ինչ-որ մի կոնկրետ խնդիր մարդկանց դուրս կբերի փողոց և կգա մի պահ, երբ այդ բողոքի ակցիաները լուրջ բնույթ կստանան: Արդյոք դա տեղի կունենա 2014-ին` միգուցե ոչ, բայց մի օր դա կարող է Հայաստանում տեղի ունենալ»,- եզրափակել է դե Վաալը: