Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է «Դոգ» մականունով, ազատվել է աշխատանքից: Ոստիկանության լրատվական ծառայությունից News.am-ին հայտնել են, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում պաշտոն էր ստացել ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկվելուց հետո, որը կապված էր անցած տարվա ապրիլին տեղի ունեցած միջադեպի հետ։ Այն ժամանակ Վարդան Ղուկասյանն աշխատանքից ազատվել էր Հյուսիսային պողոտայում hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին հրելու և վիրավորելու համար:
Նշենք, որ Դոգը, ով, ըստ տարածված տեղեկությունների, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մերձավորներից է, հանրության ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվել էր 2011 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ վիճաբանել էր ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների հարազատների հետ:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի
Վարդան Ղուկասյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ոստիկանին հրավիրել էր հրապարակային բանավեճի: Ղազարյանը պնդել էր, թե Վարդան Ղուկասյանն իր հետ զրույցում տեղեկություններ էր հայտնել որդու սպանության մասին, որից հետո մամուլում հերքել էր, թե նման զրույց է եղել:
Epress.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշել էր, որ պահանջում է պատժել Ղուկասյանին զրպարտության համար և արգելել նրա գործունեությունը ոստիկանական կառույցում: Զոհված զինվորի մայրը պնդել էր, որ Դոգը ոչ պաշտոնապես շարունակում է համակարգում մնալ, ու քանի որ շատ բան գիտի, նրան համակարգից վերջնականապես չեն հանի: