Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունն իր բողոքն է արտահայտել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին ու վրացական պատվիրակությանը Թուրքիայում անհարգալից ընդունելություն ցույց տալու վերաբերյալ։
Նրանք պահանջում են, որպեսզի թուրքական կողմը պաշտոնապես ներողություն խնդրի՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու նրա պատվիրակության ընդունելությունը անպատշաճ կազմակերպելու համար, հայտնում է Georgia Online-ը։
Հունվարի 20-ին՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում, կառավարական ընդունարանում Վրաստանի մամուլի քարտուղար Սոֆո Ջանջանաշվիլիի վրա հարձակվել է անհայտ կին ու քաշքշել նրա մազերը։ Իրավիճակը հարթվել է Վրաստանի նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությունից հետո։
Անկարայի օդանավակայանում Մարգվելաշվիլիին դիմավորել են Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան, ինչպես նաև մայրաքաղաքի քաղաքապետն ու նահանգապետը։ Այցի պաշտոնական հատվածից հետո Վրաստանի նախագահը այցելել է Տաո-Կլարջեթի պատմական շրջանը, որը մի քանի դար առաջ պատկանել է Վրաստանին։
Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը իր բողոքն է արտահայտել «նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին ու վրացական պատվիրակությանը օդանավակայում պետական պաշտոնյաների մակարդակի վրա ընդունելու, ինչպես նաև նախագահական պալատում ավտանգության տարրական միջոցառումներ չձեռնարկելու վերաբերյալ, որի հետևանքով պատվիրակության կազմի մեջ մտնող կնոջը ֆիզիկական վիրավորանք է հասցվել»։
«Ինչպես տեսնում ենք, Անկարայում ոմանք դեռևս կարծում են, որ Վրաստանը Թուրքիայի վիլայեթն է։ Մենք թուրքական իշխանություններից պաշտոնական ներողություն ենք պահանջում։ Ցավոք, այս պարագայում Վրաստանի իշխանություններն էլ չկարողացան պաշտպանել երկրի պատիվը»,- ասված է կուսակցության պաշտոնական հայտարարության մեջ։