Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունը Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել՝ Մադրիդում զբոսաշրջությանը վերաբերող ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի ցուցադրափեղկը տեղադրելու կապակցությամբ։
Ինչպես APA գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը, նման սադրանքները խախտում են ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը։ «Ադրբեջանական կողմը կշարունակի իր աշխատանքը նման սադրանքները կանխելու ուղղությամբ»,- հավելել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հայաստանն ու Ղարաբաղը հունվարի 22-ից 26-ը կմասնակցեն Իսպանիայում կայանալիք «Fitur» միջազգային տուրիստական ցուցահանդեսին։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 10 հազար տուրիստական ընկերություններ՝ ավելի քան 160 երկրներից։
2013 թվականի հունիսին Ադրբեջանի դեսպանը պաշտոնական Մադրիդին մեկ այլ նոտա էր հղել՝ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի՝ Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ։ Կաբալյեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել հունիսի 5-ին, որտեղ հանդիպում է ունեցել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ։