Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի։ Հարավային Կորեայում ՀՀ նախագահի բուժման մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է վերջինիս մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր հարավկորեական chosun.com կայքը գրել էր, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ այցելել է «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել։ Սերժ Սարգսյանն ու իրեն ուղեկցող խումբը ծառայությունների համար 185 հազար դոլար են վճարել։
«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել:
Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, Նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն Նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – ասված է Արման Սաղաթելյանի պատասխանում:
Epress.am-ը դիմել էր Արման Սաղաթելյանին հետևյալ հարցերով․
– Արդյո՞ք հարավկորեական կայքի տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը
– Եթե այո, ապա ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել Սերժ Սարգսյանը
– Արդյո՞ք բուժման ծախսը կազմել է 185 հազար դոլար, ինչպես նշվում է հրապարակման մեջ (եթե ոչ, ապա որքա՞ն է կազմել)
– Ո՞ւմ միջոցներն են ծախսվել բուժման համար
Նշենք, որ Հարավային Կորեայում Սերժ Սարգսյանի հետ են եղել նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։