Ռազմական բժիշկ Տիգրան Աղասյանը ցանկանում է խզել պայմանագիրը Պաշտպանության նախարարության հետ, սակայն արդեն մեկ տարի է՝ դա նրան անել թույլ չեն տալիս:
Epress.am-ի հետ զրույցում Աղասյանը պատմել է, որ զորացրման զեկուցագիրը գրել է շուրջ մեկ տարի առաջ, ՊՆ-ից պատասխան է ստացել մոտ հինգ ամիս հետո։ Պատասխանի վերաբերյալ բողոք-զեկուցագիր է գրել՝ մինչ օրս ոչ մի պատասխան չստանալով:
Բժշկի խոսքով՝ նախարարությունում նրան հասկացրել են, որ այնքան գումար կուզեն որպես իրենց ծախսերի փոխհատուցում, որ ինքը չի կարողանա տալ:
«Այդպես էլ արել են, ինձնից պահանջում են 45.5 միլիոն դրամ՝ որպես իմ՝ Հունաստանում սովորելու փոխհատուցում: Սակայն ողջ հաշվարկը կեղծ թվերով են կատարել: Օրինակ, գրած է, թե ինքնաթիռի տոմսերն արժեցել են 435 հազար դրամ, մինչդեռ տոմսի գինն անհամեմատ ցածր է միշտ եղել:
Փաստաթղթում նշված է նաև, որ ռազմական բժիշկը ստացել է ամսական 100 եվրո թոշակ։ Նրա խոսքով՝ այս թիվը ևս ուռճացված է, քանի որ մինչև 4-րդ կուրս նրա թոշակը կազմել է ընդամենը 40 դոլար, ինտերնատուրայի գումարը կրկնակի են հաշվել։
Աղասյանն ասել է, որ իր հետ սովորած 3 հայ ուսանողների փոխհատուցման գումարը կազմել է ընդամենը 14-20 հազար դոլար, որտեղ չկար հունական կողմի ծախսը, քանի որ հայտնի է, որ դա Հունաստանի կողմից օգնություն է Հայաստանին։
Իր բողոք-զեկուցագրում բժիշկը կցել է նաև այդ մասին Հունաստանի կառավարության որոշումը։
«Չգիտես ինչու, իմ դեպքում միայն հունական կողմի ծախսը 27,5 մլն դրամ են հաշվարկել, իհարկե, չհիմնավորելով դա», – պատմել է Աղասյանը:
Ռազմաբժշկի խոսքով՝ ինքը ՊՆ-ի հետ 20 տարով պայմանագիր է կապել 2002 թվականին, մեկնել Հունաստան սովորելու՝ ՊՆ-ում աշխատելու պարտականություն ստանձնելով:
Մեկ տարի Իջևանի զորամասում աշխատելուց հետո Աղասյանը դիմել է զորացրման համար:
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գոյություն ունի ծառայությունից հրաժարվելու ընթացակարգ, իսկ դժգոհությունների դեպքում կողմը կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Նշենք, որ Աղասյանը արդեն դիմել է դատարան, սակայն հուսով է, որ խնդիրը կարող է լուծում ստանալ նաև ոչ դատական հարթությունում: