Գլխավոր / Հայաստան / ՄԻԵԴ-ն արագացված կարգով կքննի հայաստանցի դատավորների բողոքը

ՄԻԵԴ-ն արագացված կարգով կքննի հայաստանցի դատավորների բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել արագացված ընթացակարգով քննել Հայաստանից չորս պաշտոնաթող դատավորների` Տարիել Մանուկյանի, Լյովա Գաբրիելյանի, Ֆրունզե Ձվակերյանի և Միշա Ասատրյանի դիմումները: Epress.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է դատավորների ներկայացուցիչ Արա Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը դիմումներն արագացված ընթացակարգով է քննում այն դեպքում, երբ համոզվում է, որ բողոքը բարձրացնում է մարդու իրավունքների խախտման լուրջ հարց:

Դիմումը ներկայացրած պաշտոնաթող դատավորները վիճարկում են 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ընդունված օրենքը, որով ընդունվել է դատավորների կենսաթոշակի հաշվարկման նոր կարգը, որն ավելի ցածր կենսաթոշակներ է սահմանում և հետադարձ ուժ ունի։

«Նման օրենքներ շատ են ընդունվում 2006 թվականից ի վեր, խախտում են տարբեր խմբերի՝ պաշտոնաթող դատավորների, գործող դատավորների իրավուքնները։ Արդեն կարելի է միտում տեսնել: Օրինակ, հայտնի դեպքը․ դատավոր Սուրեն Ղազարյանը պաշտոնաթող է եղել առողջական խնդիրներ ունենալու պատճառով՝ իմանալով, որ ստանալու է 600 հազար դրամ կենսաթոշակ, սակայն այժմ նա ստանում է զրո դրամ թոշակ, քանի որ նոր օրենք է ընդունվել և հետադարձ կիրառվել նրա նկատմամբ: Այսպիսի օրենքներով՝ փորձ է արվում լցնել պետական բյուջեն՝ խախտելով մարդկանց իրավունքները: Գործադիրը հետևողականորեն հարվածում է դատական համակարգի անկախության ամենաթույլ տեղերից մեկին՝ դատավորի սոցիալական անկախությանը»,- ասել է փաստաբանը:

Ըստ փաստաբանի՝ նման օրենքերը, որոնք անբարենպաստ հետևանքներ կարող են ունենալ քաղաքացիների համար, հետատարձ կիրառություն չպետք է ունենան:

ՄԻԵԴ դիմած դատավորները Հայաստանում վարչական դատարանում շահել են հայցը, սակայն վճիռը բեկանվել էր:

Հայաստանի Փաստաբանների պալատը ևս մտահոգություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի կապակցությամբ: