«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի (լուսանկարում) եղբոր՝ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանի գործով դատաքննությունը շարունակվում է: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:
Նվեր Մնացականյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ եղբոր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չի փոխվել: Նրա խոսքով՝ Ռուբեն Մնացականյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այդ մեղադրանքը դեռ չի էլ ապացուցվել: Նվեր Մնացականյանի եղբոր վրա համաներումը չի տարածվել, քանի որ դեռ դատավճիռ չկա:
Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանին մարտի 27-ին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նա կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող և այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում: