Home / Հայաստան / Նախարարներից և ՊԵԿ նախագահից պահանջում են ապահովել ՍԴ-ի որոշումից օգտվելու հնարավորությունը

Նախարարներից և ՊԵԿ նախագահից պահանջում են ապահովել ՍԴ-ի որոշումից օգտվելու հնարավորությունը

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանից (լուսանկարում) պահանջում են կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի քաղաքացիները և իրավաբանական անձինք անարգել օգտվեն ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ պայմանավորված կուտակային պարտադիր վճարումները չկատարելու հնարավորությունից։ Նման պահանջով հանդես է եկել «Դ!եմ եմ» նախաձեռնությունը, որը հիշեցնում է՝ Կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող հոդվածները ներկայումս էլ վիճարկվում են ՀՀ սահմանադրական դատարանում:

ՍԴ-ն մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը։ Օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:

«Պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ որոշում կայացնեք էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռևս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»»,-ասված է հաղորդագրությունում։

Նախաձեռնությունը նշել է, որ վերը թվարկվածն ապահովելու դեպքում գործատուներն ու աշխատողները հնարավորություն կունենան միատեսակ կիրառել խնդրո առարկա հանդիսացող Օրենքի գործողության մեջ գտնվող մյուս հոդվածների պահանջները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են նույն Օրենքի կասեցված հոդվածների հետ:

«Այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սա նշանակում է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կեսաթաշակային ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը», – հիշեցրել է նախաձեռնությունը։

Վերջինիս ներկայացուցիչներն ընդգծում են, որ որոշ գործատուներ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել և գումարներն իրենց հաշվին պահել են:

«Ստացվում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունման արդյունքում, վեճը տեղափոխվել է գործատու և աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս, հետագայում խնդիրներ չունենալու համար», – նշված է հաղորդագրությունում։

Tekali Taxi