Home / Հայաստան / Հայաստանում ԶԼՄ-ներին չեն վստահում քաղաքական ազդեցությունների պատճառով․ հետազոտություն

Հայաստանում ԶԼՄ-ներին չեն վստահում քաղաքական ազդեցությունների պատճառով․ հետազոտություն

Հայաստանում վստահության աստիճանը լրատվամիջոցների նկատմամբ բավական ցածր է: Հիմնական պատճառը, ըստ հարցվածների, քաղաքական ազդեցություններն են ԶԼՄ-ների վրա: Այս պատկերն է ստացվել «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքում, փոխանցում է a1plus․am-ը:

Հետազոտությանը մասնակցած փորձագետները ևս համարում են, որ քաղաքական կախվածությունը խանգարում է ԶԼՄ-ների կայացմանը, հանգեցնում ինքնագրաքննության:

Այսօր, ներկայացնելով հետազոտությունը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասել է, որ Հայաստանում առավել վստահելի կառույցներ են մնում բանակը և եկեղեցին: Շատ ավելի քիչ վստահելի են այլ կառույցները, այդ թվում նաև` ԶԼՄ-ները, որոնք և տեղեկատվություններ են տարածում մյուս՝ ավելի վստահելի կառույցների մասին:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ուշադրությունը հեռուստատեսությունից՝ որպես տեղեկատվության աղբյուրից, տեղափոխվում է դեպի այլընտրանքային լրատվության աղբյուրներ:

Ըստ հետազոտության՝ գրանցվել է ինտերնետից օգտվելու ժամանակի աճ: Գյուղական համայնքներում ավելի արագ է աճում ինտերնետից օգտվելու դինամիկան, քան քաղաքներում: Բջջային հեռախոսները՝ որպես ինտերնետից օգտվելու գործիք, առավել ակտիվ են օգտագործվում:

Հարցման մասնակիցները հրաժարվել են ընդունել, որ իրենց սիրած հեռուստահաղորդումները սերիալներն են: Սակայն բոլոր չափումները ցույց են տալիս, որ սերիալները շատ են դիտվում: Արդյունքում գովազդային հոսքերն ուղղվում են դեպի սերիալներ: Մինչդեռ փորձագետների գնահատմամբ՝ գովազդը չափազանց կարևոր է բիզնեսի զարգացման, մենեջմենթի բարելավման համար:

Գովազդատուների գրավելու համար ԶԼՄ-ները դիմում են նաև ոչ ազնիվ ընկերությունների, որոնք «ապահովում են» ընթերցողների թիվ: Բորիս Նավասարդյանի խոսքով՝ տվյալ լրատվամիջոցի ընթերցողների թիվն իմանալու միակ աղբյուրը մնում է circle.am-ը, որը գովազդատուներին վստահություն չի ներշնչում: Իսկ google-ի գործիքներից օգտվել հայաստանյան ԶԼՄ-ները պատրաստ չեն լեզվական խնդիրների և թափանցիկ չլինելու պատճառով:

«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունը իրականացրել է Երևանի մամուլի ակումբը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Հետազոտության բաղադրիչներն են սոցիոլոգիական հարցումը, որը կատարվել է մայրաքաղաքի և մարզերի 1403 տնային տնտեսության շրջանում, հայաստանյան լրատվամիջոցների մշտադիտարկումը և փորձագիտական հարցումը:

Tekali Taxi