Մոսկվան դեռ չի արձագանքում վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար մեղմացնելու՝ Երևանի խնդրանքին։ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Արթուր Միսաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նամակին ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևը դեռ չի պատասխանել։ Բայց հայկական կողմը դրական ակնկալիքներ ունի։
Արթուր Բաղդասարյանն օրերս է Պատրուշևին դիմել՝ ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու հարցը քննարկելու և Ռուսաստանում հայաստանցի միգրանտների գտնվելու պայմանները մեղմացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը։
Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի սեզոնային աշխատանքի նպատակով Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ, որից հետո նրանք պետք է դուրս գան Ռուսաստանի տարածքից։ Սա անմիջականորեն առնչվում է սեզոնային աշխատանքի նպատակով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի Ռուսաստանում գտնվող հայաստանցիներին։