Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր, և հատկապես էներգետիկայի ու տարանցիկ փոխադրումների ոլորտներում: ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին։
Համաձայն պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական առևտրատնտեսական կապերի օրակարգին (էներգետիկա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում) առնչվող հարցերի լայն շրջանակ: Արծարծվել են, մասնավորապես, ընթացիկ՝ Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև նախագծային փուլում գտնվող՝ Հայաստան-Իրան երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի շինարարության ծրագրերին վերաբերող մանրամասներ:
Վարչապետը նշել է, որ այս ծրագրերը ՀՀ կառավարության առաջնահերթություններն են, և կգործադրվեն բոլոր ջանքերը՝ դրանց իրագործման համար: