Երեկ աշխատանքից ազատված Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատողները պատրաստվում են գործատուի նկատմամբ հայց ներկայացնել դատարան: Այս մասին գրում է Тert.am-ը։
Գործազուրկ Գագիկ Գալստյանը, Անդրանիկ Գևորգյանը և Սևակ Հովհաննիսյանը նշել են, որ իրենց աշխատանքից ազատել են Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անվստահություն աշխատողի հանդեպ:
«Մենք գրավոր նկատողություն չենք ստացել, 15 տարի է աշխատում ենք մետրոպոլիտենում: Հենց իրենք մեզ հետ անձնական զրույցում ասացին, որ հեռացնում են, քանի որ կազմակերպել ենք բողոքի ակցիա, մեղադրում էին լրագրողներ հրավիրելու, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը կանչելու, ընդհանրապես նրանց հետ շփվելու համար: Մեզ ակցիայից ընդամենը կես ժամ հետո կանչել են փոխտնօրենի մոտ, և մեր պետ Սամվել Մնացականյանն է մեր նկատմամբ անվստահություն հայտնել»,- ասել է Անդրանիկ Գևորգյանը, ով ծնվել է 1973թ-ին, և պարտադիր կուտակային բաղադրիչն իրեն չի վերաբերում:
Նշենք, որ փետրվարի 12-ին Երևանի մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատողներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի: