Երևանի բնակիչ 22-ամյա Աբրահամ Հովհաննիսյանը Panorama.am–ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են իրեն բանակում ծեծի ենթարկել։
Նա ասել է, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել սպաները՝ մասնավորապես, նշելով Կարո Հովհաննիսյանի անունը: Կայքի տարածած տեսանյութում զինվորը ցույց է տալիս ձեռքերը, որոնց վրա վերքեր են երևում, և ասում է, որ ինքնավնասման է դիմել՝ ուժեղ հոգեմետ դեղի ազդեցության տակ լինելով:
Նա նաև պատմում է, որ իրեն ծեծի են ենթարկել Նուբարաշենի հիվանդանոցում:
Աբրահամ Հովհաննիսյանը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Ռազմական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ զինծառայողի մոտ ախտորոշվել է սուր պարանոիդ փսիխոզ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ:
Ավելի վաղ զինվորի եղբայրը պատմել էր, որ Աբրահամը ամեն ամիս 24 օր մնում է հոգեբուժարանում, բուժումներ ստանում, հետո տեղափոխվում տուն ու երկու-երեք օր դեղերի ազդեցության տակ իրեն հանգիստ պահում:
Լուսանկարը՝ Panorama.am-ի