Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «5-րդ հեռուստաալիքի» ուղիղ եթերում հայտարարել է, որ Եվրոպան պետք է իրական քայլեր ձեռնարկի Ուկրաինային ընդառաջ, այլ ոչ թե պարբերաբար մտահոգություն հայտնի։
«Իրադարձությունների ընթացքի վերաբերյալ Եվրոպայի կողմից հիասթափություն արտահայտելն այլևս բավարար չէ։ Հարկավոր է՝ ԵՄ-ն ավելի հստակ քայլերով աջակցի Ուկրաինայի ժողորդին։ Այսօր Կիևում որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։ Ես հիացած եմ [Ուկրաինայի] ժողովրդի քաջությամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ Պուտինն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին այս շաբաթ վճարած երկու միլիոն դոլարով գնել է ցույցերը բռնի ուժով ցրելու, Կիևում տեղի ունեցող արյունահեղ իրադարձությունների իրավունքը։
«Հասկացեք, խոսքը հակամարտության երկու կողմերի մասին չէ․ կա միայն կառավարություն, որը կրակում է սեփական ժողովրդի ուղղությամբ։ Ուկրաինայի իշխանությունը՝ Մոսկվայի ճնշման տակ կամ ուղիղ թելադրանքով, գործում է սեփական ժողովրդի դեմ։ Պուտինի խնդիրն այն է, որ եթե Ուկրաինան դառնա խաղաղ, եվրոպական, ժողովրդավարական երկիր, դա կնշանակի նրա ավարտի սկիզբը»,- Սաակաշվիլիի խոսքերն է փոխանցում gordonua.com կայքը։