ՀՀ կառավարությունը որոշել է հանձաժողով ստեղծել, որը կզբաղվի Հայաստանում սպառվող գազի կալորիականությունը ստուգելու խնդրով։ Այսօր ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին խնդրել է պարզաբանել, թե ինչպես է հնարավոր բարձրացնել հանրության վստահությունը։
Սարգսյանի խոսքով՝ բազմաթիվ պարզաբանումներ մանսագետների կողմից տրվել են, սակայն դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում 7900 կկալ ստանդարտին։
Ռոբերտ Նազարյանն ընդունել է, որ վերջին շրջանում գազի կալորիականության հետ կապված բողոքներ կան։
«Որպեսզի մենք կարողանանք համոզիչ լինել, ճիշտ կլիներ Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ մի աշխատանքային խումբ ստեղծենք, որտեղ ներգրավված կլինեն փորձագետներ նաև Գիտությունների ազգային ակադեմիայից», – ասել է Նազարյանը՝ ընդգծելով, որ քննադատները կարծիք են հայտնում, թե գազի բաղադրությունից հանում են ազոտը՝ մեծացնելով ծավալը։
Վարչապետը, իր հերթին, ասել է, որ մասնագետների ներկայացրած եզրակացության համաձայն, կալորիականության արհեստական փոփոխություն իրականցնելն անհնար է:
Քննարկումների արդյունքում Տիգրան Սարգսյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գանրիելյանին հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ հանձնաժողով ստեղծելու մասին որոշում պատրաստել։
«Փորձեք այնպես անել, որ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները հայտ ներկայացնեն և մասնակցեն այդ հանձնաժողովի աշխատանքներին», – ասել է վարչապետը: