Գլխավոր / Հայաստան / Մարտի 1-ի սպանդը կազմակերպվեց ՌԴ-ի քաղաքական աջակցությամբ․ հայտարարություն

Մարտի 1-ի սպանդը կազմակերպվեց ՌԴ-ի քաղաքական աջակցությամբ․ հայտարարություն

2008 թվականի մարտի 1-ին ՀՀ իշխանությունները, ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, բիրտ ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ` ճնշելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ դուրս եկած քաղաքացիների խաղաղ հավաքները: Այս մասին ասված է 5 ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ։

«Ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, ներգրավելով ուժային բոլոր կառույցները, այդ թվում` քրեական պատժիչ ջոկատներ, պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով․

— կիրառվեցին բռնություններ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ, որոնք այնուհետև շարունակվեցին Երևան քաղաքի ողջ տարածքում, այլ քաղաքացիների նկատմամբ,

— գործի դրվեցին ոչ միայն ոստիկանությունն ու ներքին զորքերը, այլեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով օգտագործվեցին ՀՀ կանոնավոր բանակի ստորաբաժանումները,

— ապօրինի հրամանով Երևան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, որը փաստացի կիրառվեց ՀՀ ամբողջ տարածքում,

— ապօրինի խուզարկություններ իրականացվեցին քաղաքացիների բնակարաններում, բերման ենթարկվեցին և հարցաքննվեցին հարյուրավոր քաղաքացիներ,

— ոստիկանության բաժանմունքներում բռնությունների, խոշտանգումների ենթարկվեցին ապօրինի բերման ենթարկվածներն ու ձերբակալվածները,

— շինծու և անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին, դատապարտվեցին և ազատազրկվեցին հարյուրից ավելի քաղաքական գործիչներ և ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ,

— ապօրինի գրաքննության կիրառմամբ խոչընդոտվեց ոչ իշխանական լրատվական միջոցների գործունեությունը, որի արդյունքում կոպտորեն խախտվեց ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը:

— խաղաղ ու անզեն քաղաքացիների դեմ կիրառվեց հրազեն, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյայների սպանվեցին 10 քաղաքացիներ:

Այսպիսով, անօրինական ուժի գործադրմամբ և արյունով իրականացվեց իշխանության զավթում և ՀՀ քաղաքացիներին պարտադրվեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ինչը հետագայում վերահաստատվեց 2013 թվականին` վարչական ռեսուրսի չարաշահմամբ կեղծված նախագահական ընտրություններով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ չի հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ ուժային և իրավապահ մարմինների և նրանց ստորաբաժանումների ղեկավարներին: Որևէ քննություն չի իրականացվել միջազգային կառույցների պահանջով և Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի հրապարակած զեկույցներում բացահայտված և արձանագրված փաստերի ուղղությամբ:

Վեց տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ պաշտոնական հավաստիացումներին և հայտարարություններին, Սերժ Սարգսյանի վարչակազմը ոչ մի իրական գործողություն չի իրականացրել Մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործության քննության ուղղությամբ՝ ակնհայտորեն հովանավորելով հանցագործության կատարման մեջ պատասխանատու անձանց: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության:

Մարտի 1-ի հանցագործությունների կոծկումը հանգեցրեց Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի առավել խորացմանը, արտագաղթի ծավալների մեծացմանը, կոռուպցիայի աճին և արտաքին քաղաքականության ձախողմանը: Վերջինիս գագաթնակետը հանդիսացավ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` միանալու Մարտի 1-ի հանցագործությունը հովանավորած և աջակցած Վլադիմիր Պուտինի կողմից կառավարվող Մաքսային Միությանը», — ասված է հայտարարության մեջ։

ՀԿ-ները կոչ են անում ՀՀ քաղաքացիներին վճռական և պահանջատեր լինել հանցագործությունը կատարողներին, աջակցողներին և կոծկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչպես նաև միջազգային կառույցներից հետևողականություն են պահանջում արդյունավետ քննությունը խթանելու և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ կազմակերպված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար:

Հայտարարությունը ստորագրել են՝

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան

Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե