Նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը զանգահարել է 2013թ. մայիսի 15-ին ՀՀ ՊՆ զորամասում սպանված Լյուքս Ստեփանյանի հորը՝ Աշխարհիկ Ստեփանյանին՝ խնդրելով չմիջամտել դատավարության ընթացքին և թույլ տալ, որ այն խաղաղ անցնի։ Այս մասին «Ժողովուրդ» թերթին հայտնել է Լյուքս Ստեփանյանի հայրը։ Աշխարհիկ Ստեփանյանի խոսքով՝ իրենք ևս չեն ցանկանում իրավիճակը սրել, պարզապես դատարանում շատ են իրենց բարկացնում։ Թերթը նշում է, որ լարված դատական նիստերին միայն տուժածներն են մասնակցում։
Ամբաստանյալ Դավիթի հարազատ եղբայր Վարդան Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասել է, թե «եթե մենք գնանք, կդառնա մի մեծ պատմություն, մարդ չկա՝ նստենք, հետը նորմալ խոսենք»։ Դավիթի կարծիքով՝ Լյուքս Ստեփանյանի ծնողներին ուղղորդում են. «Իրենց օգուտը ո՞րն է, որ աղմուկ են բարձրացնում։ Չեն ուզում իմանալ, թե ինչ է եղել»։
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության օրը նրա ծնողները որոշել էին որդու դին բերել Երևան՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար, սակայն Սևան-Երևան մայրուղու վրա՝ Գեղարքունիքի մարզի սահմանագծի մոտ, նրանց դիմավորել էին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օհանյանը համոզել էր ծնողներին որդու դին հետ տանել հայրենի Մարտունի և հանձնել հողին: Նախարարը նշել էր, որ բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում