Երեք օր շարունակ ոստիկանական համազգեստով անձինք պարբերաբար այցելում են ՀԱԿ ակտիվիստ, ընդդիմության հավաքներին ակտիվորեն մասնակցող Գայանե Աշուղյանի (լուսանկարում՝ աջից) բնակարան՝ նշելով, թե ուզում են նրա հետ զրուցել։ Epress.am-ի հետ զրույցում Աշուղյանը պատմել է, որ առաջին երկու օրերին ինքը տանը չի եղել, իսկ երեկ երեկոյան՝ ժամը 21։30-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում, երբ 2 ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձը կրկին թակել են դուռը, ինքը թաքնվել է սենյակում, դուստրը անծանոթներին ասել է, որ մայրը տանը չէ։
«Երեխեն հարցրեց, թե ինչի համար են եկել, ասացին՝ պետք ա, հետը գործ ունենք»։ Հարցրեց՝ «ի՞նչ գործ ունեք», պատասխանեցին, որ անձնական գործով են զրուցելու։ Ես սենյակի դուռը փակել, լսում էի խոսակցությունը՝ երեխեն ասաց, որ տղայիս տուն եմ գնացել ու չեմ գալու։ Մի քանի անգամ սենյակի դուռը փորձեցին բացել, հետո իջան ներքև ու շքամուտքի մոտ կանգնեցին։ Պատուհանից հետևում էի, տեսա, որ երկար ժամանակ չեն հեռանում, բարձրացա կտուր, մյուս շքամուտքով դուրս եկա շենքից ու փախա բարեկամուհուս տուն», – պատմել է Գայանե Աշուղյանը։
Նա ասել է, թե լավ գիտի՝ ինչի մասին են իր հետ զրուցելու ոստիկանները, քանի որ նման այցելությունները եղել են գրեթե բոլոր հանրահավաքներից առաջ։
«2003-ից մինչ օրս բոլոր միտինգներից առաջ գալիս ու ինձ զգուշացնում էին, որ չգնամ, սկզբում երեխաներով էին վախեցնում, հետո անգամ բնակարան, հող և գումար են առաջարկել։ 2008-ին էլ Ազատության հրապարակում եմ եղել ու մարտի 1-ի դեպքերի ականատեսն եմ», – պատմել է ակտիվիստը։
Նշենք, որ Աշուղյանին առաջին անգամ վարչական պատասխանատվության են ենթարկել 2003-ի ապրիլի 7-ին կանանց երթին մասնակցելու համար: Երկու օր անց` ապրիլի 9-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության օրը, Գայանեն կրկին մասնակցել է ընդդիմության երթին` ևս մեկ անգամ ենթարկվելով վարչական պատասխանատվության (5-օրյա կալանքի):
Գայանե Աշուղյանն ասել է, որ մտադիր է մասնակցել ՀԱԿ-ի հրավիրած այսօրվա հանրահավաքին։