Home / Տեսանյութեր / «Տղայից տղա է ծնվում»․ Հայաստանում հրաժարվում են հազարավոր չծնված աղջիկներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տղայից տղա է ծնվում»․ Հայաստանում հրաժարվում են հազարավոր չծնված աղջիկներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հղիության ժամանակ երեխաների նկատմամբ սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունքը Հայաստանում խնդիր է արդեն մոտ 20 տարի։ 1993 թվականից նկատվել է առաջին շեղումը, երբ տղա-աղջիկ ծնունդների տարեկան միջին հարաբերակցությունը սկսել է աճել տղաների օգտին։ Ուսումնասիրության սկզբում հարաբերակցությունը եղել է 100 աղջիկ 106 տղա, իսկ այժմ հարաբերակցությունը դարձել է 100-114։

Այսօր սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման և տղա-աղջիկ հարաբերակցության շեղման խնդիրների մասին խոսել է ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Առաջին անգամ հարցը դիտարկվել է 2007 թվականին, իսկ պատճառները և վիճակը հասկանալու համար 2011-ին նախաձեռնեցինք առաջին հետազոտությունը։ Մեր առաջին զեկույցը եկավ ապացուցելու, որ խնդիրը Հայաստանում կա և Հայաստանում տղա երեխա ունենալու ցանկությունը 4 անգամ ավել է քաղաքներում և 6 անգամ գյուղական բնակավայրերում», – ասել է բանախոսը։

Նրա խոսքով՝ զեկույցի կարևոր ցուցանիշներից մեկն էլ այն է, որ խնդրի գագաթնակետը հատկապես 3-րդ և 4-րդ երեխաների դեպքում է։

«Այսինքն՝ եթե վերցնենք 3-րդ, 4-րդ աղջիկ և տղա երեխաների ծննդյան հարաբերակցությունը, ապա հասնում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշին՝ 160-170 տղա և 100 աղջիկ։ Փորձեցինք հասկանալ պատճառները և ֆոկուս խմբերով հետազոտություն արեցինք։ 2011-ի դրությամբ պարզեցինք երեք հիմնական ուղղությունները՝ տղային գերադասում են աղջկանից ընտանիքի և անվան շարունակության, տղա երեխային ունեցվածքի փոխանցման և նրա համար, որ տղաները երաշխավոր են կանգնում արդեն տարիքն առած ծնողներին և ընտանիքին։ Պատճառները տարբեր են՝ սկսած ընտանիքի պաշտպանից մինչև ազգի պաշտպան», – նշել է Հայրապետյանը։

Վերջինիս խոսքով՝ արդեն 2013-ին նախաձեռնած հետազոտությունը ոչ միայն նման վերաբերմունքի պատճառների, այլև բնակչության վրա ազդեցության մասին էր և արդյունքները բավական ցավալի են` «այսօր Հայաստանում մինչև 20 տարեկան երեխաների շրջանում մոտ 40 հազար ավել տղա կա»։

«Եթե դիտարկեն ազգաբնակչության թվով, ապա դա 1 տոկոսից ավել է։ Հետևանքների մասին կարող եմ ասել, որ այն երկրներում, որտեղ այս ֆենոմենը վաղուց է ի հայտ եկել, ասենք՝ Չինաստանում, Հնդկաստանում, արդեն նկատվում են բավական լուրջ սոցիալ-տնտեսական զարգացումներ։ Օրինակ՝ Չինաստանն ունի 60 միլիոն ազգաբնակչություն, որը գնում է միայնակ ծերության, ինչպես նաև տղա երեխաների առավելությամբ պայմանավորված աճում է կրիմինալիզացիան», – ասել է Հայրապետյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում սեռի նկատմամբ խտրականությունը պայմանավորված է մի քանի գործոններով։

«Կարծում եմ՝ ամենախորքայինը՝ հասարակության մեջ կնոջ դերն է և այն նվազ հավատը, որ կինը կարող է հաջողակ լինել և ապահովել ծնողների ծերությունն ու բարեկեցիկ կյանքը։ Ասիական մի շարք երկրներում աղջիկը բեռ է համարվում, Վիետնամում օրենք կա, որ միայն տղան պետք է հուղարկավորի ծնողներին։ Հայաստանում սա չկա, բայց խտրականությունը դրվում է մինչև աղջիկ երեխայի ծնվելը։ Զարմանալի է, որ մինչ ծնվելը խտրականությունը կա, բայց ծնվելուց հետո ավելի նուրբ ու քնքուշ են վերաբերվում։ Կարճ ասած՝ Հայաստանում խնդիրը նմանվում է կապրիզի՝ «տղայից տղա պետք է ծնվի», կամ՝ «հո ունեցվածքը փեսուս չե՞մ թողնի» և այլն», – նշել է բանախոսը։

Նա ընդգծել է, որ այս տեմպերով առաջ գնալու դեպքում մինչև 2060 թվականը 93 հազար ապագա մայր չի ծնվի, որը Հայաստանի 2,5 տարվա բացարձակ ծնունդների թիվն է։

Այս հոդվածը տպագրվել է Epress.am-ում 2014 թվականի հունվարի 20-ին

Tekali Taxi