Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից, քանի որ կազմակերպությունն ի վիճակի չէ ծառայել իր անդամ երկրների միջև հակամարտությունների կարգավորմանը։ Այս մասին «Էխո Մոսկվիի» հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան։
Դեշչիցան նշել է, որ ԱՊՀ-ն ու դրա անդամները չեն արձագանքում Ուկրաինայի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով արտահերթ նիստ հրավիրելու պահանջներին` Ղրիմում վերջին իրադարձությունների առնչությամբ։
«Մենք՝ որպես նախագահող երկիր, դիմում ենք ԱՊՀ գործադիր կոմիտեին ու խնդրում արտահերթ նիստ հրավիրել։ Ոչ ոք, սակայն, ուշադրություն չի դարձնում դրան, մինչդեռ հարևան երկրներից մեկը զինված հարձակում է գործում մյուսի վրա։ Ինչի՞ համար է այս կազմակերպությունը, եթե այն որևէ դեր չի խաղում»,- ասել է Դեշչիցան։