Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի՝ հեռուստաալիքների շրջանում անցկացրած դիտարկումը պարզել է, որ ալիքներից 3-ը չեն խախտել գովազդի մասին օրենքը, իսկ, մասնավորապես, Հանրային հեռուստաընկերությունը գովազդի հեռարձակման հետ կապված խնդիրներ է ունեցել։
Դիտարկման նպատակն էր պարզել, թե որքանով են Հանրային Հ1 հեռուստաալիքի, մասնավոր` Հայաստանի Երկրորդ ՀԸ, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունների հեռարձակած գովազդները համապատասխանում ՀՀ գովազդի օրենդրությամբ սահմանված քանակական նորմերին: Հաշվետվությունը ներառում է 2013 թվականի դեկտեմբերի 27-ից 2014 հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածը:
Հանրային հեռուստաընկերության առաջին ալիքը, դիտարկված 7 օրերից 4-ի դեպքում գերազանցել է օրենքով սահմանված գովազդի ծավալը հաղորդումների ընդհանուր ծավալի մեջ։ Այսպես. դեկտեմբերի 27-ին եթեր է հեռարձակել իր օրվա հաղորդումների ընդհանուր ծավալի 9,83%-ի չափով գովազդ, դեկտեմբերի 28-ին` 9,49%, դեկտեմբերի 29-ին` 8,79%, իսկ դեկտեմբերի 30-ին` 10,48%: Դեկտեմբերի 30-ին, հունվարի 1-ին և 2-ին «Հ1» հեռուստաալիքով հեռարձակված գովազդի ծավալը եղել է օրենքով սահմանված նորմերի շրջանակներում` համապատասխանաբար` 1,65%, 5,53% և 5,09%:
Արձանագրված իրադրությունը էականորեն տարբերվում է դիտարկման առաջին ժամանակահատվածում (15-21 օգոստոսի 2013) նկատված իրավիճակից, երբ օգոստոսին դիտարկված 7 օրերի ընթացքում «Հ1» հեռուստաալիքի ծրագրերում գովազդի ծավալը եղել էր 7%-ից պակաս:
«Ասպարեզը» նշում է նաև, որ դիտարկված ժամանակահատվածում «Հ2», «Արմենիա» և «Երկիր Մեդիա» հեռուստալիքները չեն խախտել օրենքով սահմանված այն առավելագույն նորմը, ըստ որի մեկ ժամում արգելվում է 14 րոպեից ավելի գովազդ հեռարձակել: Այս հեռուտաալիքների հաղորդումների` դիտարկված 7 օրերի բոլոր 24 ժամերի ընթացքում, բոլոր ժամերին գովազդը եղել է 14-ից պակաս րոպե:
Դիտարկման նախորդ ժամանակահատվածում (15-21 օգոստոս, 2013) օրենքի այս պահանջը չէին խախտել միայն «Հ1» եւ «հ2» հեռուստաընկերությունները, իսկ օգոստոսին օրենքի այս պահանջի խախտում արձանագրվել էր «Արմենիա» ՀԸ (1 դեպք), «Երկիր Մեդիա» ՀԸ (3 դեպք), «Կենտրոն» ՀԸ (6 դեպք) և «Շանթ» ՀԸ (20 դեպք):
Բոլոր 6 ՀԸ եթերում դիտարկվել են տարբեր ծավալների հնարավոր քողարկված գովազդներ: «Ասպարեզը» նշում է, որ հնարավոր քողարկված կամ ստվերային գովազդ այդ հաշվետվության մեջ համարվում է այն գովազդը, որը չի հատկանշվել որպես գովազդ կամ որպես քողարկված գովազդ, ցուցադրվել է տեղեկատվական, հեղինակային կամ խմբագրական հաղորդումներում, հաճախ մաս է կազմել այլ` ոչ գովազդային հաղորդման եւ քողարկված է եղել այդ կամ այլ կերպ, բայց իր մեջ կրել է ապրանքի, ապրանքանիշի կամ ծառայության մասին անուղղակի իրազեկման, առաջարկի, հրապուրման կամ գայթակղման նշանակություն:
Միաժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ գովազդային օբյեկտները/կազմակերպությունները/բրենդները/ապրանքները դիտարկված հեռուստաընկերությունների եթերում` ոչ իրենց նվիրված հաղորդումներում և սերիալներում հայտնվել են զուտ պատահական: Հնարավոր քողարկված գովազդի մասին ենթադրությունները արմատանում են գովազդային օբյեկտների հիշատակումների դեպքերի մի մասի մեծ քանակության պատճառով:
Իրականացված դիտարկումների հիման վրա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մի շարք առաջարկություններ է կազմել ու հղել ինչպես դիտարկված հեռուստաընկերություններին, այնպես էլ ՀՌԱՀ-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ՀՀ Ազգային ժողովի երկու հանձնաժողովներին, պատրաստակամություն հայտնելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, ինչպես հաշվետվությունում տեղ գտած փաստերն ու գնահատականները, այնպես էլ իրավիճակի բարելավման առաջարկությունները:
Առաջարկությունները վերաբերում են գովազդային ծավալների և գովազդի զետեղման քաղաքականության բարելավմանը, օրենսդրությամբ սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությանը, ինչպես նաև քողարկված կամ ստրվերային գովազդը օրինական դաշտ բերելուն եւ կանոնակարգելուն: