ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ դա անձնական որոշում է:
Նա նշել է, որ հրաժարակնի դիմումը ներկայացվել է մեկ ամիս առաջ, բայց Սերժ Սարգսյանը խնդրել է սպասել՝ հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու և կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված մի շարք խնդիրները։
Շարմազանովն ասել է, որ վարչապետի դիմումը բավարարվել է այսօր:
Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Սիրելի հայրենակիցներ,
Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»: