Home / Տեսանյութեր / Հայաստանը Ուկրաինային չի դավաճանել, պնդում է դեսպանը

Հայաստանը Ուկրաինային չի դավաճանել, պնդում է դեսպանը

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը Segodnya.ua-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկել Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին։

– Ինչո՞ւ է Հայաստանը դեմ քվեարկել Ղրիմի հանրաքվեի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին։

– Հայաստանը քվեարկել է՝ ելնելով իր ազգային շահերից ու համապատասխան ներքին քաղաքական դիրքորոշմանը։ Հայաստանը միշտ կողմ է քվեարկել ազգերի ինքնորոշման իրավունքին։ Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որտեղ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել անկախության հարցով հանրաքվե։ Այն ժամանակ անկախության օգտին քվեարկեց հանրաքվեին մասնակցած անձանց 99 տոկոսը։ Ու այդ պահից ի վեր՝ արդեն 23 տարի է Հայաստանն ամբողջ աշխարհին ապացուցում է, որ դա լեգիտիմ որոշում է, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությունում գրված է ոչ միայն որպես միջազգային իրավունքի սկզբունք, այլ՝ դրա նպատակ։

Հայաստանը Ուկրաինայի հարցով բանաձևին դեմ է քվեարկել ոչ այն պատճառով, որ մենք դեմ ենք Ուկրաինային։ Մեր երկիրը Ուկրաինային չի դավաճանել։ Ուկրաինան ԼՂ հակամարտության հարցով բազմիցս քվեարկել է Ադրբեջանի օգտին։ 2008 թվականին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկում էր ԼՂ հարցով Բաքվի կողմից առաջարկված բանաձևը, Ուկրաինան քվեարկեց դրա օգտին։ Մենք այդ առիթով անգամ բողոքի նոտա չուղարկեցինք Ուկրաինայի ԱԳՆ։

– Հնարավո՞ր է՝ Կրեմլի կողմից ճնշում է գործադրվել Երևանի վրա։

– Չարժե այս հարցը կապել Ռուսաստանի հետ։ Մենք չենք թաքցնում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Այո, մենք մեր ապագան տեսնում ենք այդ երկրի հետ սերտ համագործակցության մեջ, մենք պատրաստվում ենք մտնել Մաքսային միություն, բայց այս քվեարկությունը պայմանավորված է ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ մեր դիրքորոշմամբ։

– Քվեարկությունից հետո հայաստանցիների և ուկրաինացիների միջև հարաբերությունները վատթարացե՞լ են։

– Իմ դիտարկմամբ՝ որևէ խնդիր չի առաջացել։ Իհարկե, մարդիկ, ովքեր չգիտեն ղարաբաղյան հակամարտության պատմությունը, չեն կարող ճիշտ գնահատական տալ ՄԱԿ-ում տեղի ունեցածին։ Ցավոք, որոշ ուկրաինական ԶԼՄ-ներ հակահայկական քարոզ են սկսել։ Դա սխալ է։ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են։ Մենք հազարամյա համատեղ պատմություն ունենք։ Ուկրաինայում ապրում է շուրջ 600 հազար հայ։ Այժմ՝ տեղի ունեցած իրադարձություններից հետո, ես ամեն օր հանդիպում եմ Ուկրաինայի տարբեր շրջաններից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ու նրանցից միշտ լսում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են, մենք Ուկրաինայի կողմից ենք։

– Արդեն կարգավորե՞լ եք հարաբերությունները Ուկրաինայի նոր իշխանությունների հետ։

– Երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը մշտապես քննարկում ենք Ուկրաինայի ԱԳՆ-ի հետ։ Փորձում ենք պահպանել ավանդական բարեկամական հարաբերությունները։ Իմ հանդիպումների ժամանակ ես փորձել եմ բացատրել մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բանաձևի վերաբերյալ։ Կարծում եմ, Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներն այն հասկացել են։

Tekali Taxi