հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ցավոք, Ռուսաստանը չի արթնանա, քանի դեռ դագաղներ չի տեսել»

«Ցավոք, Ռուսաստանը չի արթնանա, քանի դեռ դագաղներ չի տեսել»

«Տառապող ժողովրդի և Վլադիմիր Պուտինի հետ տարօրինակ զրույցի մասին»` այսպես է Foreign Policy ամսագիրը ներկայացնում Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևի հետ հարցազրույցը: Լրագրող Մայքլ Վեյսը Ջեմիլևին անվանում է Ղրիմի թաթարների շահերի համար շարժման նախահայր-հիմնադիր, փոխանցում է Inopressa.ru կայքը:

Մարտի 30-ին Ջեմիլևը ելույթ է ունեցել Նյու Յորքում գտնվող Ուկրաինական թանգարանում, որտեղ էլ զրուցել է լրագրողների հետ: «Ջեմիլևը եկել է ԱՄՆ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու, իր ժողովրդի, որն այժմ ապրում է ռուսաստանյան օկուպացիայի տակ, մտավախություններն արտահայտելու նպատակով, ինչպես նաև` Վաշինգտոնում ընդգծելու, որ եկել է անհապաղ գործողությունների ժամանակը»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Վերջին օրերի նորություններից դատելով`Սպիտակ տունը ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման վերաբերյալ Կրեմլի հետ համաձայնության գալու փորձի ժամանակ անգամ չի բարձրացրել Ղրիմի կարգավիճակի հարցը: Երևում է` ԱՄՆ-ն համակերպվել է այն մտքի հետ, որ Ղրիմը մնալու է Ռուսաստանի կազմի մեջ: Ի՞նչ վերաբերմունք ունեք այդ դիրքորոշման վերաբերյալ»,- Ջեմիլևին հարցրել են լրագրողները:

«Մենք խստապես հիասթափված ենք: Ռուսաստանի օկուպացիայի հետ համակերպվելն ու այն որպես փաստ ընդունելն ապագայում միջազգային համակարգի համար խնդիր կլինի»,- նշել է նա` հավելելով, որ երկրները, որոնք, ինչպես Ուկրաինան, հրաժարվել էին միջուկային զենքից, այժմ կփորձեն այն հետ ստանալ, «քանի որ այլևս չի կարելի վստահել որևէ դիվանագիտական համաձայնության»:

«Դուք ի՞նչ կանեիք ԱՄՆ-ի և ԵՄ-ի փոխարեն» հարցին Ջեմիլևը պատասխանել է. «Կընդլայնեի պատժամիջոցները»: Նրա խոսքով` ճգնաժամը կարելի է կարգավորել «շատ խիստ պատժամիջոցների միջոցով», թեև խոստովանում է, որ դրանք վնաս կհասցնեն Արևմուտքի ֆինանսական շահերին: «Եթե, սակայն, ԵՄ-ն այժմ չվճարի այդ գինը, ապագայում այն ավելի կաճի»,-ընդգծել է նա:

«Դուք նշեցիք, որ ռուսական ներխուժումից հետո Ղրիմը լքած հինգ հազար թաթարներից միայն կանայք ու երեխաներն են մնացել աքսորի մեջ, իսկ բոլոր տղամարդիկ վերադարձել են: Դա կասկածներ առաջացրեց, որ Ղրիմի թաթարները պատերազմելու են ռուսաստանցիների դեմ: Դուք նկատե՞լ եք որևէ նշաններ, համաձայն որոնց, Ղրիմում ձևավորվում են ինքնապաշտպանության կամ զինված դիմակայության ջոկատներ»,- հարցրել են լրագրողները:

«Մենք արդեն ասել ենք, որ ճգնաժամի դիվանագիտական լուծում ենք ուզում: Մենք չենք կարող պատերազմել ռուսաստանցիների դեմ, քանի որ մեր ժողովուրդը փոքր է` ընդամենը 300 հազար մարդ»,- պատասխանել է պատգամավորը:

Այնուհետև լրագրողները հետաքրքվել են`Պուտինը Ջեմիլևին ինչ է ասել մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, ինչ տպավորություն է թողել:

«Առաջին հերթին, ինձ զարմացրեց այն, որ նա կրկնեց ռուսաստանյան քարոզչության կլիշեն. թե Ուկրաինայում իշխանության են եկել ֆաշիստներ, հանցագործներ, թե ռուս բնակչությանը վտանգ է սպառնում: Ես փորձեցի բացատրել, որ դա ամենևին էլ այդպես չէ, բայց` ապարդյուն: Նա ներկայացրեց իր տեսանկյունը. նա, հավանաբար, կարծում էր, որ այդ զրույցով առնվազն ապահովում էր մեր չեզոքությունը»,- պատասխանել է Ջեմիլևը:

Նրա խոսքով` ինքը Պուտինին ասել է, որ Ղրիմի թաթարները գործում են «խաղաղ միջոցներով», սակայն խնդիրը միայն հնարավոր է լուծել Ուկրաինայի կառավարության հետ բանակցությունների ճանապարհով:

«Ռուսաստանյան ընդդիմության որոշ անդամներ ու կուսակցություններ քննադատում են Ղրիմի անեքսիան»,- նշել են լրագրողները:

«Անկեղծ ասած, մենք մեծ հույս ունենք Ռուսաստանի ընդդիմությունից: Վերջիվերջո, եթե Ռուսաստանում չլինի հզոր շարժում (թող` խոսքերս ցինիկ չթվան), ապա, ցավոք, Ռուսաստանը չի արթնանա, քանի դեռ դագաղներ չի տեսել»,- պատասխանել է Ջեմիլևը: