Ադրբեջանական «ՆԻԴԱ» քաղաքացիական շարժման ակտիվիստների գործով ընդունված դատավճռի դեմ Բաքվում այսօր անկացվող ակցիայի ընթացքում ձերբակալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության 11 անդամ։ Ինչպես contact.az կայքին հայտնել է կուսակցության փոխնախագահ Գեզյալ Բայրամլին, բերման ենթարկելիս ընդդիմադիր ակտիվիստների դեմ ուժ են կիրառել, Ռասուլ Մուրսալովը վնասվածք է ստացել։
Ոստիկանությունը ակտիվիստներին ու լրագրողներին բռնի կերպով ցրել է դատավճռի հայտարարումից հետո, երբ ցուցարարները սկսել են վանկարկել ու պահանջել ազատ արձակել դատապարտյալներին։ Դատարանը վճռել է Ռաշադաթ Ահունդովին, Զաուր Ղորբանլիին, Իլքին Ռուստամզադեին դատապարտել 8 տարվա ազատազրկման, Ռաշադ Հասանովին, Մամեդ Ազիզովին՝ 7,5 տարվա, Ուզեիր Մամեդլիին, Բահթիյար Գուլիևին՝ 7 տարվա, իսկ Շահին Նովրուզլուին՝ 6 տարվա ազատազրկման։ Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել 2013 թվականի մարտի 10-ին՝ ի նշան բողոքի զինվորների մահացությունների դեմ անցկացվող ակցիայի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել նաև պայթուցիկ նյութերի, թմրանյութերի անօրինական պահման և խուլիգանության մեջ։
«ՆԻԴԱ»-ի ակտիվիստների դատավճռի դեմ անցկացվող ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ «Մուսավաթ» կուսակցության 5 անդամ։
Լրագրողները նաև գրանցել են, որ բերման է ենթարկվել «Ենի Մուսավաթ» թերթի լրագրող Մուհամմեդ Թուրքմենը, «Ազադլիգ» թերթի թղթակից Հալիդ Գարաևը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Քամալյա Բանանյարլին, «ՆԻԴԱ»-ի ակտիվիստ Ռահման Մամեդլին։
Ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, ոստիկանները հատուկ կոպտությամբ են գործել նաև լրագրողների դեմ․ մասնավորապես, նրանք բռնել ու պատռել են «Թուրանի» ֆոտոլրագրող Էթիմադ Բուդագովի շապիկը։
Քաղաքացիական հագուստով անձինք փորձել են բերման ենթարկել «Թուրան» գործակալության ու «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի թղթակից Փերվանա Բայրամովային, չնայած նա կրում էր «Մամուլ» գրությամբ հատուկ բաճկոն։
Ոստիկանությունը խոչընդոտել է տեսա և վիդեո նկարահանումներին՝ կոտրելով նկարահանման սարքերն ու խլելով լրագրողների պլանշետները, ինչի հետևանքով բազմաթիվ լրագրողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։