Կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանը այսօր դատարանում հերքել է, որ ծեծել է կնոջը: Նա նաև հայտարարել է, որ կինը երբեք չէր բողոքի, եթե կանանց աջակցման կենտրոնը նրան չուղորդեր: Այս մասին Epress.am-ին հայտնել է բռնության զոհ դարձած Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալով՝ Սարգիս Հակոբյանը պատմել է, որ Հասմիկին հարվածել է մի անգամ՝ դեմքին: Պատճառը, իր խոսքով, խանդն էր: Ըստ ամբաստանյալի՝ Հասմիկը հեռախոսով խոսում էր, ինքը հարցրել է, թե ում հետ է խոսում և խնդրել է հեռախոսն իրեն փոխանցել: Հասմիկը տվել է, սակայն ջնջել էր վերջին հեռախոսահամարը: Սա, Սարգիս Հակոբյանի խոսքով, իր մոտ կասկածներ է առաջացրել և նա խփել է Հասմիկին: Ըստ Հակոբյանի՝ ինքը մեկ անգամ էլ կասկածել է, որ Հասմիկն իրեն թունավորելու փորձ է արել՝ դառը ջուր տալով։
«Ես համոզված եմ, որ իմ կինը չէր բողոքի, եթե կանանց կազմակերպությունները չուղորդեին նրան», – ասել է ամբաստնյալը:
Այս հայտարարությանն ի պատասխան՝ Հասմիկ Խաչատրյանը դատարանին ասել է, որ ամուսնու դեմ բողոքելն իր որոշումն էր և որ ինքը դա արել է, քանի որ իր կյանքը վտանգված էր։
Հիշեցնենք, որ նիստից հետո դատարանի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել․ ամբաստանյալի աջակից մի խումբ անձինք հարձակվել են Հասմիկ Խաչատրյանին սատարող իավապաշտպանների, ինչպես նաև լրագրողների վրա։