Կոտայքի մարզի Թեղենիք ու Արզական համայնքներում վերջին մի քանի օրերին համեմատաբար նվազել է թրթուրների «գրոհը»։ Օրեր առաջ գյուղնախարարության աշխատակիցների ու համայքների բնակիչների կողմից իրականացրած սրսկումների արդյունքում դրանց տարածումը կասեցվել է։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Թեղենիքի համայնքապետ Մարատ Բաղդասարյանը։
«Սրսկումներից հետո խումբ-խումբ սատկում են, առաջվա պես չեն լցվում տները։ Գյուղնախարարությունը դեղեր տվեց, դե ժողովրդին էլ մոբիլիզացրեցինք՝ որը վառելանյութ տարավ, որը տրակտորը, մի խոսքով՝ երեք տրակտորով երեկ սրսկել ենք։ Հիմա դուրս ենք եկել, ստուգում ենք, այդքան շատ չեն, բայց հնարավոր է՝ շատանան։ Այս պահին ամպամած եղանակ է, սրսկել չենք ուզում, քանի որ կարող է անձրև գալ ու չարչարանքը սբել-տանել», -նշել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում համայնքապետն ասել էր, որ «արագավազ ու մազոտ» թրթուրները լուսամուտի արանքներից մտնում են մարդկանց տները, փչացնում դաշտերը, այգիներն ու տնամերձ հողամասերը։
Նրա խոսքով՝ արտասովոր երևույթի դեմ միակ պայքարը ուղղաթիռներով սրսկումներն են, քանի որ նախկինում կատարված տեղային սրսկումները որևէ արդյունք չեն տվել։
Լուսանկարը՝ Shamshyan.com