Հայաստանը կարող է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
Պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահը երեկ հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանի համար կարելի է գտնել խելամիտ մոդել Եվրամիության հետ ասոցացվելու համար: «Ազատության» հարցին, թե ինչ մոդելի մասին է խոսքը, Օլանդը պատասխանել է․ «Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ հնարավոր է համագործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից․ «Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»,- ասել է նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Օլանդն ասել է, որ նախ Ադրբեջան, ապա Հայաստան է եկել հենց այս խնդրին լուծում տալու համար:
«Այսօր հրադադարի տարելիցն է, և մենք պետք է աշխատենք՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նախագահն եմ, և մենք պետք է աշխատենք, որպեսզի լուծում գտնենք, գլոբալ լուծում խնդրի կարգավորման համար։ Հակամարտության 20 տարին չափազանց երկար ժամանակ է, մենք պետք է աշխատենք, և դա է պատճառը, որ ես երեկ Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում եմ, որպեսզի աշխատենք: Ես հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել, որքան հնարավոր է շուտ, և իրական քննարկում ծավալել վստահության ձևավորման շուրջ», – ասել է նախագահը:
Լուսանկարը՝ President.am