Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսանողների մի մասը բոյկոտում է դասապրոցեսը․ ուսանողները բողոքի ցույց են անում բուհի շենքի դիմաց և միջանցքներում, հայտնում է Galatv.am-ը։ Դեռևս երեկվանից «ֆեյսբուքում» բուհի որոշ ուսանողները հետևյալ գրառումն էին տարածում ու հրավիրում բոլորին տնտեսագիտական համալսարան՝ բողոքելու. «Համաքաղաքային տագնապ… Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհուրդը ՀՀԿ-ի հերթական բնակատեղին չէ… Գյումրի՛, ոտքի…»:
Կայքի փոխանցմամբ՝ այս պահին տնտեսագիտականում խառնաշփոթ է: Բուհի ուսանողության մի մասը բոյկոտում է ուսխորհրդի նախագահի ընտրությունները, քանի որ, նրանց գնահատմամբ, բուհում աշխատող մի խումբ երիտասարդ հանրապետական դասախոսներ աշխատում են ամեն ինչ անել՝ ուսխորհուրդը քաղաքականացնելու համար: Այս ամեն ինչում, ըստ բողոքի ցույցի ելած ուսանողների, մեծ դերակատարություն ունի ՀՀԿ Գյումրու երիտհանրապետականների ղեկավար Արտակ Առաքելյանը, ով բուհում աշխատում է նաև որպես դասախոս:
«Նախարար Արմեն Աշոտյանը հաճախակի է ելույթներ ունենում ու հայտարարում, որ հայաստանյան բուհերը քաղաքականացված չեն: Այնինչ այսօր փաստ է, որ մի խումբ երիտասարդ ՀՀԿ-ականներ փորձում են հանրապետականացնել մեր բուհի ուսխորհուրդը, որը թերևս Շիրակի մարզում գործող բուհերից միակ անկախ կառույցն է համարվում: Մենք գիտենք, որ բոլոր բուհերում ուսխորհուրդները վերահսկվում են՝ մասնավորապես ՀՀԿ-ի կողմից: Մեր բուհի պարագայում ամեն ինչ անելու ենք դա կանխելու նպատակով, քանզի ուսխորհուրդը անկախ, ապակուսակցական կառույց է համարվում»,- նշում են բողոքող ուսանողները:
Նրանց կարծիքով՝ այս գործում ակտիվ ներգրավվածություն ունի նաև բուհի Գյումրու մասնաճյուղի ՀՀԿ- ական ռեկտորը՝ Սամսոն Դավոյանը: Նա, ըստ ուսանողների, երիտասարդ հանրապետականների միջոցով էլ փորձում է վերահսկելի դարձնել ուսխորհրդի աշխատանքը:
Մանրամասները՝ Galatv.am-ում