Կառավարությունն առաջարկում է «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքները փոխել այնպես, որ բարձրաստիճան անձանց որոշ ծախսեր գաղտնի պահվեն հասարակությունից: Այսօր օրինագծերին դեմ են արտահայտվել ԱԺ ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունները՝ նշելով, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե իր հարկերի հաշվին գոյացած բյուջեն ինչպես է ծախսվելու: ԱԺ-ում ելույթ ունեցող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը համոզմունք են հայտնել, որ օրինագծի պատճառ են հանդիսացել մեծ քննադատություն առաջացրած նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք թռիչքները:
«Այս նախագիծը հապճեպ կերպով բերել են, որպեսզի չքննարկենք այն փաստը, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքնաթիռներ էր վարձում հարկատուների հաշվին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Գլխավոր զեկուցող, ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանն ասել է, որ որոշ ծախսերի գաղտնիությունը պարտադիր է, քանի որ դա պետական անվտանգության հարց է: Մինչդեռ ըստ պատգամավորների՝ այս օրենքն ապացուցում է, որ պետությունը հովանավորում է կոռուպցիան:
«Կոռուպցիան պահպանելու եք՝ գաղտնիության շղարշի տակ»,- ասել է Ստեփան Մարգարյանը: