Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մայիսի 15-ին հրապարակվել է ադրբեջանցի իրավապաշտպան և լրագրող Փարվիզ Հաշիմլիի գործով դատավճիռը։ Դատարանը Հաշիմլիին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Ադրբեջանի ՔՕ հետևալ հոդվածներով՝ 228․2․1 (զենք և զինամթերքի ապօրինի առքը, հանձնելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ անձանց նախնական պայմանավորվածությամբ), 228․2․2 (նույն գործողությունը կրկին կատարելը) և 206․3․2 (մաքսանենգություն` անձանց նախնական պայմանավորվածությամբ)։
Նույն հոդվածներով մեղավոր է ճանաչվել գործով մյուս ամբաստանյալ Թավաքյուլ Ղուրբանովն ու դատապարտվել 8․5 տարվա ազատազրկման։
Նախօրեին Հաշիմլին դատարանում հայտարարել էր, որ իր մեղքը չի ճանաչում, ու իր անմեղությունն ապացուցված է համարում։
«Սա ծանր հանցագործությունների դատարան է։ Այստեղ դատում են ահաբեկիչների, մարդասպանների, ավազակների։ Հետևաբար, ես դատարանից պահանջում եմ ինձ այդ հանցագործների նման չդատել։ Ես անմեղ եմ։ Ես ապացուցել եմ, որ այդ հանցագործությունները չեմ կատարել։ Իրական հանցագործները ԱԱՆ-ի ղեկավարությունում են։ Դա Հակաահաբեկչական կենտրոնի պետ Էլչին Գուլիևն է, նրա տեղակալ Իլգար Ալիևը, քննիչ Էլչին Մուրտուզովը»,- հայտարարել էր իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ «Բիզիմ յոլ» (Մեր ճանապարհը) անկախ թերթի աշխատակից ու Moderator.az կայքի տնօրեն Փարվիզ Հաշիմլին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 17-ին՝ մաքսանենգության ու անօրինական զենք պահելու մեղադրանքով: