Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է։ Արձանի կաղապարն արդեն հանվել է, և վերջնական տեսք ստանալու համար մնում են ձուլման և մյուս աշխատանքները, գրում է «168 ժամ» թերթը՝ նշելով, որ, չնայած հասարակական աղմուկին և արձանի տեղադրման առթիվ առաջացած բացասական տրամադրություններին, քաղաքային իշխանությունները հասան իրենց նպատակին։
Թերթը գրում է, որ ՀՀ իշխանությունները հայ քանդակագործներին հետագա թիրախ դառնալուց զերծ պահելու համար ոչ մի մրցույթ չեն հայտարարել, այլ որոշվել է ընդամենը պատճենել Մոսկվայում Միկոյանի գերեզմանոցի վրա տեղադրված նրա մահարձանն ու նույնը տեղադրել նաև Երևանում։ Արձանի ձուլման աշխատանքներին հետևող քանդակագործ Գագիկ Ստեփանյանը թերթի հետ զրույցում ասել է, որ չնայած մահարձան լինելուն, աշխատանքը գեղարվեստական արժեք ունի, քանի որ ժամանակին այն արվել է ռուսական քանդակագործության դպրոցի ավանդույթներով, իսկ ռուսական քանդակագործության դպրոցը, ըստ Ստեփանյանի, գրագետ դպրոց է։
Ինքը՝ քանդակագործը, խոստովանել է, որ անձամբ շահագրգիռ չէ այս հարցով, այլ ընդամենն իրեն խնդրել են կարգավորել արձանի ձուլման հետ կապված տեխնիկական հարցերը, քանի որ ստեղծագործական հարց, ըստ էության, չկա։ Ինչ վերաբերում է Միկոյանի կերպարին, ապա, ըստ Գագիկ Ստեփանյանի՝ «Իր Ազգի համար արված բոլոր լավ գործերը նա արել է գաղտնի, ցույց չի տվել։ Հանրապետությունում քիմիայի, ֆիզիկայի զարգացումից մինչև Արփա-Սևանի ծրագիրը, մինչև Համաշխարհային երրորդ պատերազմի կանխումն իր անվան հետ են կապված․․․»։
Հիշեցնենք, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ վարչապետից, մշակույթի նախարարից և Երևանի քաղաքապետարանից պահանջել են չեղյալ համարել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշումը՝ պահանջը պատճառաբանելով նրանով, որ արձանի տեղադրմանը կողմ քվեարկող ավագանու անդամները տեղյակ չեն եղել Միկոյանի գործունեությունից: