Ստրասբուրգում, ԵԽ շենքի դիմաց «Մենք դեմ ենք Հայաստանի չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությանը» կարգախոսով երեք օր բողոքի ակցիա են անցկացրել, գրում է Aravot.am-ը: Նախկին քաղբանտարկյալ, 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերի մասնակից և Ֆրանսիայից քաղաքական ապաստան ստացած Գևորգ Մանուկյանն էլ հացադուլ է հայտարարել: Նա հանդիպում և բացատրություն է պահանջում Ֆրանսիա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
Մանուկյանը Aravot.am-ին ասել է, որ հացադուլն անժամկետ է. «Մինչև չհասնեմ իմ արդարացի պահանջին, չեմ դադարեցնելու: Պահանջում եմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից, նա պետք է ինձ բացատրի` ինչու մեզ դարձրեց թափառական: Ես նրան նաև ասելիք ունեմ` դադարեցրու արտագաղթը, վերջացրու այդ աղետը, լացս գալիս է, երբ տեսնում եմ` տասնյակ ընտանիքներ ինչպես են օրերով հերթ կանգնում քաղաքական ապաստան ստանալու համար»:
Մանուկյանը նաև անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի քննադատությանը, թե սեփական երկիրը եվրոպաների պատերի տակ վարկաբեկելը ունի իր անունը։ «Ես պայքարել եմ այս իշխանությունների դեմ դեռ 2002 թվականից, այն ժամանակ դեռ Ռոբերտ Քոչարյանն էր իշխանության ղեկին: Մինչև անցած տարի Հայաստանում եմ եղել ու պայքարել, այսօր էլ այստեղից եմ պայքարում: Ի՞նչը չի հասկանում ՀՀԿ-ական պատգամավորը: Անհրաժեշտություն չկա մեր պայքարը իմաստազրկելու: Որտեղ էլ լինեմ պայքարելու եմ, եթե վաղը Հայաստանում լինեմ, պայքարելու եմ Հայաստանում, բայց ինձ արգելվում է Հայաստան գնալը, որովհետեւ որոշ մարմիններ այստեղ ավելի լավ տեղյակ են Հայաստանի իրավիճակի մասին, նրանք վստահ են` եթե գնամ Հայաստան, ինձ հետ մի բան կատարվելու է», – ասել է Մանուկյանը:
Մանրամասները՝ Aravot.am-ում
Լուսանկարը՝ iLur.am-ի