Home / Հայաստան / Մհեր Սեդրակյանը վիրավորել է Tert.am-ի լրագրողներին

Մհեր Սեդրակյանը վիրավորել է Tert.am-ի լրագրողներին

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը երեկ Կառավարության ծրագրի հաստատումից հետո իրեն հարց ուղղելու համար մոտեցած Tert.am կայքի լրագրողներին «ճանապարհել» է վիրավորանքներով ու հայհոյանքով, գրում է կայքը։

«Քանի որ սույն պատգամավորի լեզվական բառապաշարը ակնհայտորեն չի տեղավորվում բարոյական, էթիկական ու նույնիսկ՝ մարդկային և ոչ մի հարթությունում, առայժմ ձեռնպահ ենք մնում Tert.am-ի լրագրողների հասցեին Մհեր Սեդրակյանի բերանին ու մտքին եկած բառերը վերարտադրելուց և ձայնագրությունը հրապարակելուց։

Tert.am-ի խմբագրության տրամադրության տակ է միջադեպի ամբողջական ձայնագրությունը», – գրում է կայքը՝ հույս հայտնելով, որ Սեդրակյանը կվերագնահատի իր պահվածքը Ազգային ժողովում և ներողություն կխնդրի Tert.am-ի լրագրողներից:

Հակառակ պարագայում խմբագրությունը խոստանում է օրենքով վերապահված բոլոր միջոցներով հետամուտ լինել իր աշխատակիցների արժանապատվության վերականգնմանը և միջադեպի քննությանը։

Հիշեցնենք, որ սա Սեդրակյանի մասնակցությամբ առաջին միջադեպը չէ Ազգային ժողովում։ 2012թ․ վերջին «Ա1+» կայքի լրագրող Մհեր Արշակյանի հետ զրույցում նա ասել էր․ «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»։