Home / Հայաստան / Ձերբակալություններ, վիրավորներ և զոհ Ստամբուլում բախումների հետևանքով

Ձերբակալություններ, վիրավորներ և զոհ Ստամբուլում բախումների հետևանքով

Ստամբուլում և Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ փորձելով ցրել Գեզի այգու զանգվածային բողոքի ակցիաների մեկամյակին նվիրված ցույցի մասնակիցներին։ Շաբաթ օրը տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 120 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Today's Zaman-ը՝ հղում կատարելով Ստամբուլի ոստիկանապետի հաղորդագրությանը։

Բախումներն սկսվել են շաբաթ օրը Ստամբուլում, երբ ցուցարարները երթով անցել են Թաքսիմի հրապարակով, չնայած այդ վայրում հանրային հավաքներ կազմակերպելու արգելքին։

Պաշտոնյաների խոսքով՝ շուրջ 25 հազար ոստիկաններ շրջափակել էին 2013 թվականին բողոքի ցույցերի կենտրոնը դարձած Թաքսիմի հրապարակը։

Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, սակայն տուժածների վերաբերյալ պաշտոնական թվեր չեն հրապարակվել։

Հաղորդվում է, որ ոստիկանները բերման են ենթարկել ու ծեծել CNN-ի լրագրող Այվեն Ուոթսոնին, ով այդ պահին հրապարակից ուղիղ միացում էր իրականացնում։

Ավելի ուշ Ուոթսոնը «Թվիթերի» իր էջում գրել է, որ իրեն և իր նկարահանող խմբին ազատ են արձակել կես ժամ անց։

Ակցիայի կազմակերպիչը «Թաքսիմի համերաշխություն» շարժումն էր, որը կոչ էր արել բողոքի ցույցերի մեկամյակը նշել զանգվածային հանրահավաքով։

Ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուրբաթ ելույթ ունենալով մի խումբ երիտասարդների առաջ, նրանց հորդորել էր չտրվել այդ կոչերին։ Վարչապետը շարժումն անվանել է «ահաբեկչական կազմակերպություն», որը, «օգտվելով երիտասարդության բարոյական և ֆինանսական թուլությունից, փորձում է հարված հասցնել մեր միասնականությանը, վտանգի ենթարկել մեր տնտեսությունը»։

Կիրակի Ստամբուլում մեկ այլ բողոքի ցույց է կայացել, որն ավարտվել է բախումներով։ Գազիոսմանփաշա թաղամասում քրդամետ խմբի և ազգայնականների մասնակցությամբ տեղի ունեցած մեկ այլ բախման հետևանքով առնվազն 3 մարդ վիրավորվել է, մեկը՝ մահացել։ Բախումները սկսվել են, երբ քրդամետ խումբն արշավ է կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ձերբակալված առաջնորդ Աբդուլլա Օջալանին։

Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) անդամները թաղամասում հավաքվել էին կիրակի՝ փորձելով կազմակերպել «Ազատություն Օջալանին» արշավը, որը, սակայն, կանխվել է, երբ հրազենով, դանակներով և ձողերով զինված մարդկանց մի խումբ հարձակվել է նրանց վրա։

Կուսակցության 3 անդամներ թեթև վնասվածքներ են ստացել, մյուսը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։