Home / Հայաստան / Գերմանիայի հավաքականի հետ խաղին Հայաստանը բազմաթիվ խնդիրներով է մոտենում

Գերմանիայի հավաքականի հետ խաղին Հայաստանը բազմաթիվ խնդիրներով է մոտենում

Հայաստանի հավաքականի երկրորդ ընկերական խաղը Բերնար Շալանդի գլխավորությամբ անհաջողությամբ ավարտվեց՝ Ալժիրի հավաքականը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Խնդիրը, սակայն, ոչ պարտությունն է, ոչ էլ անգամ հաշիվը, այլ այն, որ ազգային ընտրանու առջև ծառացած նույն հարցերը տեղափոխվում են խաղից խաղ։ Վարդան Մինասյանի օրոք առկա պաշտպանության խնդիրներն այժմ էլ ավելի ցայտուն են դարձել։ Վալերի Ալեքսանյանն այլևս չկա թիմում, Հրայր Մկոյանը, ով քիչ թե շատ օգնում էր Ռոբերտ Արզումանյանին, այս պահի դրությամբ ունակ չէ բարձրակարգ թիմերի դեմ որակյալ ֆուտբոլ խաղալ, հավաքականում ընդգրկված Ալեքսը նույնպես չի փայլում, բացի դա, ամենևին էլ երիտասարդ չէ։ Երկու ընկերական խաղերից երևաց, որ մեր երիտասարդ պաշտպանները՝ Ոսկանյան, Հարոյան, Համբարձումյան, որոնց հետ հույսեր ենք կապում, Հայաստանի ներկայիս առաջնությունում միայն հետընթաց են ապրում ու նույնպես ի վիճակի չեն իրենց խոսքն ասել ազգային հավաքականում։ Ալժիրի հետ հանդիպման առաջին խաղակեսում պաշտպանների անհատական սխալներն այնքան շատ էին, որ անհնար էր դառնում դրանք հաշվելը, մրցակցի յուրաքանչյուր գրոհ վտանգավոր էր։ Չի գործում նաև համակարգը, թիմային պաշտպանությունը, ու արդեն իսկ պարզ է, որ այդ խնդիրները հետապնդելու են հայաստանցիներին գալիք ընտրական փուլում։ Թիմի հաջողությունը, փաստորեն, կախված է լինելու բրազիլական մոդելից՝ «խփեք մեզ որքան կարող եք, մենք կխփենք որքան ցանկանում ենք», այսինքն՝ հարձակումից։ Ավելորդ է նշել, որ բրազիլական մոդելը ժամանակակից ֆուտբոլում անհնար է կիրառել, և ուրեմն հիմնական խնդիրը եղած ֆուտբոլիստներից առավելագույնը քաղելն է, գուցե, նոր դասավորություն, համակարգ ներդնելով։

Ալժիրի հավաքականի հետ խաղում պարզ դարձավ նաև, որ հավաքական հրավիրված մի շարք ֆուտբոլիստներ ուղղակի չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին։ Դժվար է պատկերացնել, որ հաջորդ անգամ հավաքականում տեղ կգտնի, օրինակ, Ալեքսանդր Թումասյանը։

Հունիսի 6-ին Գերմանիայի հավաքականի խաղից առաջ Հայաստանի հավաքականի մարզիչ Բերնար Շալանդին լուրջ փորձություն է սպասում։ Ինչ-որ կերպ կազմակերպել խաղը պաշտպանությունում, խաղալ անընդհատ պրեսինգի տակ, պաշտպանությունից դուրս գալու արդյունավետ միջոցներ գտնել՝ Գերմանիայի ընտրանու դեմ այս խնդիրները շատ դժվար կլինի լուծել։ Ամեն դեպքում, մենք հնարավարություն կունենանք հասկանալ, թե ինչպես է կարողանում խաղին միջամտել մարզիչը, ով առաջին երկու հանդիպումներում ֆուտբոլիստներ էր փորձարկում։

Արմեն Մ․