Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժել է ակտիվիստ Լալա Ասլիկյանի բողոքն ընդդեմ ՀՔԾ քննիչ Լ.Մելքոնյանի կայացրած որոշման։ Ասլիկյանը պահանջում էր քրեական գործ հարուցել, մինչդեռ դատարանը որոշել է, որ գործում հանցակազմ չկա։ Այս մասին hahr.am կայում գրել է «Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Գայանե Խաչատրյանը:
Լալա Ասլիկյանը դիմել էր ոստիկանություն Վլադիմիր Պուտինի այցի օրը՝ 2013թ-ի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ Այդ օրը՝ Պուտինի այցի դեմ կազմակերպված երթի ժամանակ, Ամիրյան-Զաքյան խաչմերուկում ոստիկանները, բռնություն կիրառելով, երթի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ Ասլիկյանին, մտցրել էին ոստիկանության մեքենան, որտեղ ակտիվիստը փորձել է նկարահանումներ իրականացնել։ Ոստիկաններից մեկը Ասլիկյանից խլել էր տեսախցիկը, ինչից հետո նրան դուրս էին բերել մեքենայից։ Ասլիկյանը պահանջել է վերադարձնել տեսախցիկը՝ պնդելով, որ այնտեղ կարևոր նյութեր կան, սակայն ոստիկանները կոպիտ ձևով հեռացրել են տարածքից։
Տեսանյութում՝ Ասլիկյանն ակցիայի ժամանակ ոստիկաններից պահանջում է տեսախցիկը
Ոստիկանների անօրինական գործողությունների դեմ և մեղավորներին պատժելու պահանջով Ասլիկյանը բողոք էր ներկայացրել ՀՀ ոստիկանություն, այնուհետև՝ ՀՔԾ, որտեղ նյութեր նախապատրաստելուց հետո որոշել են, որ ոստիկանների արարքում հանցակազմ չկա: ՀՀ գլխավոր դատախազությունը ևս գտել էր, որ բողոքն անհիմն է, և մերժել է այն։
Ինչպես ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում նշել էր Լալա Ասլիկյանը, ոստիկանությունում իրեն առաջարկել են գործարքի գնալ՝ խոստանալով, թե իր նկատմամբ «բարի կամք» կդրսևորեն ու նոր տեսախցիկ կգնեն իրենից խլածի փոխարեն, եթե Ասլիկյանը դադարի բողոքել ու հայտարարի, թե իրեն վերադարձրել են նախկին տեսախցիկը։
Ասլիկյանը նաև նշել էր, որ քննության ընթացքում ոստիկանությունը հաշվի չի առել երկու վկաների առկայության փաստը։