Հավաքների ազատությունը նախատեսված է ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ, ու թեև 2013 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունը հաճախ հարգել է այս իրավունքը՝ իշխանությունները միջոցներ են կիրառել որոշ հանրահավաքներին մարդկանց մասնակցությունը խոչընդոտելու համար և անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների դեմ, նշվում է երեկ հրապարակված ԱՄՆ Պետդեպի 2013թ․ մարդու իրավունքների զեկույցում։
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ առաձին հաղորդումների համաձայն՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իշխանությունները խոչընդոտել են ընդդիմադիր քաղաքական հանրահավաքների անցկացումը կամ արտոնյալ վերաբերմունք ցուցաբերել կառավարամետ հավաքների նկատմամբ։ Հաղորդումների համաձայն, իշխանությունները քաղաքացիական ծառայողներին արգելել են մասնակցել ընդդիմադիրների հանրահավաքներին՝ փոխարենը ստիպելով մասնակցել կառավարամետ հանրահավաքներին։ Եղել են նաև պնդումներ, որ իշխանությունները սահմանափակել են դեպի ընդդիմության հանրահավաքներ տանող ճանապարհների երթևեկությունը։
Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ ոստիկանությունն ու տեղական իշխանությունները հիմնականում հարգել են անհատների՝ հավաքներ կազմակերպելու իրավունքը, այդ թվում՝ ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները չարտոնագրված հավաքներ էին կազմակերպում Երևանում ու երկրի մյուս շրջաններում։ Տարվա ընթացքում ոստիկանությունը, սակայն, տեսագրել է քաղաքական հանրահավաքների մասնակիցներին՝ թե շրջաններում, թե Երևանում։ Տեղական դիտորդների խոսքով՝ այս միտումնավոր տեսահսկողությունը բացասաբար է ազդել քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամության վրա։
Մի քանի հաղորդումների համաձայն՝ պետական համալսարաններից մեկի ղեկավարությունն ուսանողներին փակել էր շենքի ներսում՝ արգելելով մասնակցել նախագահական ընտրությունների ընթացքի դեմ անցկացվող բողոքի ցույցին։
Եղել են գանգատներ, որ ոստիկանությունը մի քանի դեպքերում անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների դեմ։ Որոշ ականատեսներ բողոքել են, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը՝ խանգարելով ցուցարարներին մոտենալ նախագահական նստավայրին։ Դեպքերի տեսագրությունում երևում է՝ ինչպես է ոստիկանության աշխատակիցը ծնկով հարվածում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի դեմքին։ Ոչ պաշտոնական զեկույցների համաձայն՝ իշխանություններն աշխատանքից ազատել են դեպքի հետ առնչվող երկու ոստիկանների։ Անհամաչափ ուժի կիրառման մասին բողոքներ են հնչել նաև օգոստոսին ու աշնանը կայացած տարբեր հավաքների առնչությամբ։
«Դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելության օրը, իրավապահ մարմինները ցրել են մի խումբ մարդկանց (500-1000 մարդ), որոնք մտադիր էին երթ կազմակերպել իշխանությունների՝ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական Մաքսային միության միանալու որոշման դեմ։ Օրվա ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 110 մարդու, այդ թվում՝ ցուցարարների, երթը լուսաբանող լրագարողների, ակտիվիստների ու մի քանի ականատեսների, որոնք գտնվում էին նախագահականի մոտ տեղի ունեցող ցույցերի մոտակայքում։ Ոստիկանությունը բոլոր բերման ենթարկվածներին ազատ է արձակել մի քանի ժամ անց՝ նրանց մեղադրելով վարչական իրավախախտումների մեջ», – ասված է զեկույցում։
Պետդեպը Հայաստանի համար աննախադեպ է համարել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի՝ հուլիսի 15-ին կայացրած վճիռը, որի համաձայն ոստիկանությունը ոտնահարել էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի իրավունքները՝ նրան բերման ենթարկելով 2011 թվականին Երևանում ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ օտար զինված ուժերի մասնակցության դեմ անցկացվող ակցիայից։
Հակոբյանի որոշման համաձայն՝ ոստիկանները խախտել էին Բարսեղյանի՝ ազատ տեղաշարժի, խոսքի, հավաքների ազատության սահմանադրական իրավունքները։ Ոստիկանությունը որոշումը չի բողոքարկել։