Այսօր Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ցեղակրոն» կուսակցության` նոյեմբերի 5-ին ձերբակալված առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուս տասնչորս քաղբանտարկյալների գործով առաջին դատական նիստը:
Դատարանի կարգադրիչները քաղբանտարկյալների հարազատներին, լրագրողների մեծ մասին թույլ չեն տվել ներս մտնել դատարան` պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա:
Epress.am-ի թղթակիցը, սակայն, հետագայում ներս մտնելով, տեսել է, որ դահլիճում շարքերի մեծ մասը ազատ էր:
Առաջին նիստը կարճ է տևել. նախագահող Մնացական Մարտիրոսյանը հայտարարել է, որ պաշտպանների մեծ մասի բացակայության պատճառով նիստը չի կարող տեղի ունենալ: Այս հայտարարությանը առարկել են մեղադրյալները, իսկ Շանթ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Երկիրը կործանվում է: Մեր դատը մի հետաձգեք»: Հարությունյանը հավելել է` պետք է հարցնեն` իրենց երբ է հարմար, քանի որ «փաստաբանը կարող ա գործից հետո գնում ա դաչա»:
Քաղբանտարկյալն այնուհետև իր տասնչորս ընկերներին կոչ է արել հրաժարվել փաստաբանի ծառայություններից` հայտարարելով, որ փաստաբանի ներկայությունը պարտադիր չէ, քանի որ սա քաղաքական հետապնդում է:
«Էն մարդը, ով կարծում է` փաստաբանը կարող է օգնել, նա հավատում է, որ Հայաստանում արդարադատություն կա: Ես, որ հավատայի, դուբինկա չէի վեկալի, ընտրությունների հետ հույսս կկապեի, սպասեի տասնութ թվին: Բայց իրանք օրենքի դաշտից դուրս են հասարակության հետ վարվում: Ես ինձ չեմ ուզել էշի տեղ դնել, ես էլ օրենքի դաշտից դուրս իրանց պատասխանել եմ: Փաստաբանը ինչ պիտի անի»,- ասել է Հարությունյանը:
Նա նաև մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել. «Ես իմ և ընկերներիս անունից ցավակցում եմ Սմբատ Այվազյանի ընտանիքին և հարազատներին: Այսօր գտնվելով նույն բանտում` հաճախ եմ հիշում Սմբատ Այվազյանի, Սուրեն Սիրունյանի հետ անցկացրած օրերը, երբ բանտարկված էինք մարտի մեկի գործով: Մյուս տղեքին մաղթում եմ երջանիկ ու երկար կյանք: Այդ օրերը որքան էլ ծանր լինեին` այսօր հիշում եմ երջանկության զգացողությամբ»,- եզրափակել է Շանթ Հարությունյանը:
Մանրամասները` Epress.am-ի տեսանյութում: