Կիսելյովը լժե-վերլուծաբան է և նողկալի քծնող առ Պուտին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ չի հասկանում՝ ինչու էին ԱԺ-ում ոգևորված նրան սպասում, ասես՝ Դալայ Լաման էր գալու։
«Առաջին մեղավորը հենց հայկական կողմն է, որ սրտատրոփ սպասում էր ինչ-որ լժե-վերլուծաբանի, իսկ հետո նրան թույլ տվեց թքել մեր երեսին՝ մեր իսկ երկրի խորհրդարանում։ Իսկ եթե թույլ ենք տալիս, ուրեմն կգտնվի մի անկիրթ անդաստիարակ, որն իրեն թույլ կտա մեզ դաստիարակել և սովորեցնել», – ասել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը ԱԺ-ում պատգամավորներին հանդիմանել էր՝ ասելով, որ հայ տաքսիստները ռուսերեն խոսել չգիտեն։