Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հունիսի 16-ին մեղավոր է ճանաչել Աշոտ Առուշանյանին և Էդգար Կարաքեշիշյանին՝ նրանց դատապարտելով համապատասխանաբար 5,6 և 7 տարի ազատազրկման: Դատարանը նաև որոշել է բավարարել ամբաստանյալների դեմ քաղաքացիական պահանջը և նրանցից բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Այս մասին Epress.am-ին հաղորդել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը։
Ըստ դատախազ Տիտան Ուզոյանի մեղադրական եզրակացության` 2011թ. նոյեմբերի 21-ին ամբաստանյալները կազմակերպել են «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակությունը։ Համաձայն գործի նյութերի, գումար ունենալու մասին տեղեկատվությունը Կարաքեշիշյանին տրամադրել է Առուշանյանը։
Այդ փաստը հերքում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, ով նախորդ նիստերին նշել է, որ գործով առկա չէ որևէ ապացույց, թե Աշոտ Առուշանյանը որևէ մեկին տեղեկատվություն է տրամադրել «Մանանա գրեյն» ՍՊԸ կողմից բանկ տեղափոխվող գումարների չափի և դրանց տեղափոխման մասին։
Գործում մի շարք այլ խախտումներ էլ են գրանցվել, մասնավորապես, վկաների խոսքում հակասություններ են եղել, ինչպես նաև վկաներից ճնշման տակ ցուցմունք են կորզել։
Դատավճռից հետո ETV-ի հետ զրույցում Սիմոնյանն ասել է, որ դատավճիռը ուղղորդված էր՝ դատախազության, ինչպես նաև «Մանանա գրեյն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ Գուրգեն Նիկողոսյանի կողմից:
Ըստ Սիմոնյանի՝ Առուշանյանը կարմիր դիպլոմով երկու համալսարան է ավարտել, նրա միակ նպատակը ուսումն է եղել: Փաստաբանի խոսքով՝ իրենք դիմելու են Վերաքննիչ դատարան:
Մանրամասները՝ տեսանյութում