ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանի ռեժիմին միայն պահանջներ է ներկայացնում, և համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գործող ռեժիմը, բացի պահանջների լեզվից, որևէ այլ լեզու չի հասկանում:
«Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբևիցե համագործակցություն եղե՞լ է: Ոչ մի համագործակցություն այս ռեժիմի հետ չի կարող լինել: Իսկ 12 կետերը պահանջ են իշխանությանը: Պահանջ ներկայացնելը համագործակցությո՞ւն եք համարում»,- ասել է Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ոչ իշխանական քառյակի՝ 12 կետից բաղկացած հայտարարությանը, պատրաստակամություն էր հայտնել համագործակցել ընդդիմության հետ՝ նշելով, որ եթե նպատակը դա է, ապա փաստաթղթերից պետք է բացառվեն «պահանջում եմ», «պարտադրում եմ» և այլն հասկացողությունները։