Սկզբունքորեն ընդունելի է, երբ ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումների համար պատասխանատվությունը խստացվում է։ Դրանով, սակայն, խնդիրը չի լուծվում, որովհետև արագաչափերի ու տեսախցիկների ֆիքսված խախտումներից ստացվող գումարները շարունակում են գնալ մասնավորի գրպանը, ոչ թե պետական բյուջե։ Այս մասին այսօր ԱԺ-ում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություն մտցնելու նախագծի քննարկմանն ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նշենք, որ, ըստ տարածված լուրերի, արագաչափերը և տեսախցիկները գործարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ Այդ մասին մարտին ԱԺ-ում խոսել է ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ խոսքը միլիարդավոր գումարների մասին է: Ե՞րբ եք մտադիր փակել պետբյուջեի կողոպտման օրինականացումը», – այսօր ԱԺ-ում օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարցրել է Ջհանգիրյանը:
Փոխոստիկանապետն ասել է, որ այժմ տուգանքների ուղիղ կեսը գնում է պետբյուջե, սակայն Կառավարությունը դեմ չէ այդ համամասնությունը վերանայելուն: Օսիկյանը հարկ է համարել նշել նաև, որ արագաչափերը գործարկող ընկերությունը մինչ օրս 6.5 միլիարդ դրամի ներդրում է արել, այժմ էլ մտադիր է ևս 3.1 միլիարդի ներդրում կատարել:
«Կառավարության դեմ չլինելը բավարար չէ, Կառավարությունը պետք է կողմ լինի այդ համամասնությունը վերանայելուն»,- արձագանքել է Ջհանգիրյանը: