Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Այս մասին այսօր Վրաստանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ:
«Մենք մշտապես հարգել ենք միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրիս առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել ենք դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:
Ակտիվ քաղաքական երկխոսությունը լավագույն խթանն է տնտեսական համագործակցության աշխուժացման համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում արդեն ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը և բազմաթիվ այլ ոլորտներ: Ե՛վ անցյալ տարի, և՛ ընթացիկ տարում մենք գրանցել ենք առևտրաշրջանառության աճ, և ես վստահ եմ, որ մենք ունենք դեռևս չօգտագործված շատ մեծ ռեզերվներ», – ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ զրույցում անդրադարձ է արվել նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին:
«Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները: Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում», – Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: